Հովհաննես Ազոյան. Մեկ քայլ հետ թաղային հեղինակությունների «շնորհիվ»

Երևանի ավագանու ընտրություններից հետո դերասան Հովհաննես Ազոյանը, ով աչքի է ընկնում իր քաղաքական ազատ կողմնորոշումներով և սովորաբար հասարակական ակտիվ զանգվածի կարծիքն է կիսում, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել էր ՀՀԿ-ականներին՝ հավելելով՝ «Այս երկիրը ձերն է»:

Անցած ընտրությունների կապակցությամբ նա իր տպավորություններով է կիսվել galatv.am-ի հետ զրույցում:

«Ո՞նց են այդ տոկոսները գրանցում ընտրություններին, ես չգիտեմ, բայց այն, որ այս երկրում հրճվում են այնպիսի մարդիկ, ինչպեսին թաղային հեղինակություններն են, անկասկած այդպես է, և ես կարծում եմ, որ հենց իրենցն է այս երկիրը, մարդկանց էդ տեսակին է պատկանում»,- ասել է Հովհաննես Ազոյանը:

«Պետք է ասեմ, որ համեմատելով նախագահական անցած ընտրությունները Երևանի ավագանու ընտրությունների հետ, միանշանակ պետք է փաստել, որ քաղաքապետի ընտրությունները ավելի հենված էին թաղային հեղինակությունների վրա, իսկ թաղային հեղինակությունները ոչ թե ընտրությունները, այլ մեր երկիրը տարան մեկ քայլ հետ: Թող ընդդիմությունը նստի և անալիզ անի՝ ինչու էր դա այդպես»:

Դերասանը խիստ քննադատել է ընդդիմադիր դաշտը՝ հավելելով, որ երկար տեսիլք ունեցող ընդդիմություն է պետք Հայաստանին, որ ժողովուրդը ոտքի կանգնի: «Ընդդիմադիր դաշտը ավելի շատ պրոբլեմ ունի, քան իշխանությունը, եթե ավելի պրոգրեսիվ ընդդիմություն ունենանք, երկիրը կծաղկի:

Երկար տեսիլք ունեցող ընդդիմացող է պետք Հայաստանին: Համախմբվածություն չկար, ջլատված էր ընդդիմությունը և հաղթել չէր կարողանալու: Ի՞նչ հաղթանակ թույլ ընդդիմության պարագայում: Սա ընդդիմության պարտությունն էր, բայց ոչ ժողովրդի, մեր ժողովուրդը դեռ կկարողանա հաղթել, եթե լինի մի հզոր ուժ… ժողովուրդը վարակվելու հատկություն ունի, պետք է վարակել լավ գաղափարով, մտքով: Այնպես որ, ժողովրդին ցանկացած դեպքում մեղադրելը սխալ է, ընդդիմությունը իր պարտությունը պետք է փնտրի անկազմակերպվածության, ոչ թե՝ ժողովրդի մեջ»:

Հովհաննես Ազոյանի խոսքով՝ քաղաքական ուժերը միասին հերթական անգամ փչացրին ընտրությունների հեղինակությունը և այնպիսի իրավիճակ ստեղծեցին, երբ այսօր ինչպես իր, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու գլուխն ուղղակի ցավում է քաղաքականությունից:

«Գլուխս ցավեց ընտրություններից… հիմա հանգստի էտապ է պետք, որ մի քիչ ժամանակ անցնի, և գլխիս ցավն էլ անցնի»,- եզրափակել է դերասանը:

Լուսանկարը՝ Bravo.am-ի

Տեսանյութեր

Լրահոս