Արթուր Բաղդասարյանը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ:
Կան տոներ, որոնց նշանակությունը նույնիսկ դարեր անց չի փոխվում: 1945 թ. Մեծ Հաղթանակը նոր էջ բացեց աշխարհի պատմության մեջ: Շնորհիվ 68 տարի առաջ մեր պապերի ու հայրերի հերոսական պայքարով, անձնուրացությամբ ձեռք բերված հաղթանակի, այսօր հնարավոր դարձավ Հայաստանի անկախ հանրապետություն ունենալ: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը մեզ պարգևած վետերաններից մինչև Արցախյան ազատամարտի հերոսներ` պահպանել ենք մեր երկրի ու ժողովրդի ինքնության ու ինքնուրույնության իրավունքը: Մայիսը հայերիս համար միշտ եղել է պատմական ճակատամարտերի ու հաղթանակների ամիս, որոնց շարքին մեր օրերում ավելացավ Շուշիի ազատագրումը: Եվ այսօր այս տոնը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ գլուխ խոնարհել մեր հաղթանակները իրականություն դարձրած զինվորների հիշատակի առաջ, և մեր պարտքն է հոգ տանել բոլոր նրանց, ովքեր անցնելով պատերազմների բովով, մեր կողքին են:
Սիրով ու ջերմությամբ վերստին շնորհավորում եմ Հայրենական պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի հերոսներին, հայ ազգին, մաղթում եմ խաղաղություն և նորանոր հաղթանակներ»: