Րաֆֆի Հովհաննիսյան. «Ու թող ինձ որևէ մեկի հետ չհամեմատեն՝ ոչ նախկին, ոչ ներկա նախագահների, ոչ զինվորների հետ»
Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը մամուլի միջոցների ու համակիրների հետ: Մինչ ելույթ ունենալը՝ նա, ինչպես միշտ՝ բարևեց բոլոր հավաքվածներին, ապա շնորհավորեց ազգային ու պետական տոնի առթիվ, որը, նրա խոսքով, պատկանում է հայ սերունդներին:
«Տարիներ առաջ այս օրը հայ պապերի անմնացորդ նվիրմամբ աշխարհը փրկվեց ֆաշիզմի արհավիրքից. եթե չլինեին հարյուրավոր նահատակներ՝ ամեն մեկն օջախի կրակ, չէր լինի ոչ Հայաստանը, ոչ աշխարհը: Իսկ 21 տարի առաջ մեր նոր սերնդի սխրագործությամբ, անմնացորդ, ազգային, համապետական մասնակցությամբ՝ ֆիդայիններ, ջոկատներ, Մոնթե, Ժիրայր, բոլորը միասին, ավելի կարևոր, քան հրամանատարները, նորօրյա Հայաստանի համար ասացին, որ կարող ենք զոհ ու նահատակ չլինել: 21 տարի առաջ ազատակագրվեց Շուշին: Շնորհավորում եմ»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը երախտագիտության խոսք հայտնեց նաև նրանց, ովքեր տարիներ շարունակ ու հատկապես վերջին երեք-չորս ամիսների ընթացքում ուղեկցել են իր «քայլերը» հենց Ազատության հրապարակում՝ «պատմամշակութային արժեքում, ասֆալտում, որտեղ սրճարան կա, կյանք կա», նրանց, ովքեր 21 օր անընդմեջ օր ու գիշեր եղել են իր կողքին:
«Ինչպես ասել եմ բազմաթիվ անգամներ, սա մեկ հոգու պայքար չէ, ոչ էլ մի օրվա, սա ամբողջ պետության, ժողովրդի տևական պայքարն է, ու թող ինձ որևէ մեկի հետ չհամեմատեն՝ ոչ նախկին, ոչ ներկա նախագահների, ոչ զինվորների, ոչ հերոսների, ոչ Շուշիի ազատագրածների հետ, որովհետև ես իրենցից չեմ, շարքային մարդ եմ: Ես իմ առաջարկը կատարել եմ, որ փետրվարի 18-ին անհավատալի թռիչք կատարած ժողովուրդը դա շարունակի: Կարող է իրար լավ չհասկացանք:
Միգուցե մեղքը նաև ինձնից է, բայց մի բան ակնհայտ է. հաղթական այս տոնը մեզ ուղեցույց՝ մենք այս հիասթափությունից, անդունդից պարտավոր ենք դուրս գալ: Հինգ տարի հետ չի լինելու: Ժողովուրդն իր գործն արեց ու իրավունք ունի ակնկալել իր ընտրյալից այն գործողությունները, որոնք կբերեն իր հաղթանակին: Ես էլ իրավունք ունեմ ակնկալել մեր ժողովրդից, որ փետրվարի 18-ի հաղթանակը բավական չէ. մի հատ քվեով, չարենցյան տողով գործ անել ու տեսնել եթերով՝ ինչ է լինելու հրապարակում, բավարար չէ: Պահը եկել է, որ ասեմ, որ նրանք իմ կողքին եղել են այսքան ամիսներ, մի բան պետք է փոխվի, պետք է տեղի ունենա սերնդափոխություն՝ իշխանությունում, ընդդիմությունում, ժողովրդում»,- ասաց նա: