Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին, նաև նախկին նախագահին հրավիրում է հավաքի

«Չորս ամիսների պայքարը իզուր չէր»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ նախագահական ընտրությունների հետընտրական շարժման, պայքարի արգասիքը շուտով կերևա ու կունենանք երջանիկ Հայաստան:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ստացած ձայներին, ապա Ր. Հովհաննիսյանն ասաց. ««Բարև, Երևան» դաշինքն իր համար որոշում կկայացնի առաջիկա օրերին: Բայց ազատ, արդար ընտրությունների անցկացման դեպքում «Բարև, Երևանը» կունենար մեծամասնություն կամ երկրորդ տեղ կգրավեր, բայց մենք գիտենք՝ որ երկրում ենք ապրում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց տանը նստած «խավար չանիծել», չքննադատել:

«Րաֆֆիին, Լևոնին, Գագիկին, Հրանտին, Ժիրայրին, մնացած բոլորին ճանապարհը ցույց տվեք: Ցույց տվեք՝ ո՞րն է ժողովրդի միացման ճանապարհը: Ես այս խաղը, եթե կուսակցական է՝ չեմ խաղալու, իսկ եթե ժողովրդական պահանջ է՝ կլինեմ: Ով կանգառից դուրս եկավ, առանձին կանգառ ունեցավ՝ դուրս եկավ, իսկ ով ուզում է վերադառնալ՝ թող վերադառնա»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մայիսի 19-ին, ժամը 13:00-ին Անի հյուրանոցում բոլորին հրավիրում է հավաքի:  «Բոլորն նրանց, ովքեր իրենց համախմբման ենթակա են համարում, ուզում է ոչ թե իրենցով, իրենց մարգարեությամբ, իրենց ընդդիմադիր հերոս լինելու միջոցով, այլ ով հավատում է համախմբմանն ու հարգում ժողովրդի ձայնը, որը մայիսի 5-ին խեղվեց, ես հրավրում եմ ոչ թե որպես տանտեր, այլ որպես շարքային մասնակից, նախկին նախագահ եք, ընդդիմադիր ղեկավար, ՀԿ ներկայացուցիչ, քաղաքացիական նախաձեռնության այլընտրանքային մոտեցում ներկայացնող ընկեր, եկեք»:

Տեսանյութեր

Լրահոս