ԲՀԿ-ական նախկին մարզպետը մեղադրվում է դիզվառելիքի հափշտակության համա՞ր

Ինչպես հայտնի է՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Բագրատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) փոխանցել են, թե ոստիկանության նախապատրաստած նյութերի հիման վրա մայիսի 2-ին Հայաստանի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության ներկայիս պետ Բաբկեն Մկրտչյանի և մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նախաքննություն կատարելու համար մայիսի 3-ին գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Թեև ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե ինչ չարաշահման մասին է խոսքը, սակայն գործող հանրապետական մարզպետ Էդգար Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ մոտ տասն օր առաջ ոստիկանությունը դիմել է մարզպետարան և տեղեկություններ է պահանջել 2012 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար ստացված և բաշխված դիզվառելիքի վերաբերյալ, իրենք էլ այդ տեղեկությունները տրամադրել են ոստիկանությանը: Այսինքն կարելի է ենթադրել, որ հափշտակությունը վերաբերում է հենց դիզվառելիքին:

Մինչդեռ ԲՀԿ-ն պնդում է, թե Երևանի ավագանու իր ցուցակում 4-րդ տեղը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանը չարաշահումների հետո որևէ առնչություն չունի:  Բագրատյանը մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2010 -2012 թվականներին: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, նշեց, թե հավատում է իր գործընկերոջը եւ կարծում է, որ նա որևէ չարաշահման հետ առնչություն չունի:

«Եթե չլինի հատուկ ուղղորդում, եթե չլինի հատուկ խնդիր` այլ ուղղությամբ տանել քննությունը, ես հավատում եմ մեր գործընկերոջը, որ ինքը տվյալ չարաշահման հետ որեւէ առնչություն չունի, ավելին` պատրաստ է բաց, հրապարակային եղանակով ապացուցել իր առնչություն չունենալը տվյալ մեղադրանքի հետ», – հայտարարել է Զոհրաբյանը:

Վայոց Ձորի ներկայիս մարզպետը, ով պաշտոնը ստանձնել է 2012-ի հունիսին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժվարացավ որեւէ բան ասել նախկին մարզպետի, մարզպետարանի աշխատակցի եւ գյուղապետերի համաձայնությամբ կատարված չարաշահումների մասին:

«Եթե լինում են փաստաթղթերի կեղծումներ, ենթադրենք համայնքում չի բաշխվում վառելիքը, բայց դրա փոխարեն ստորագրվում է, որ կարծես թե ինչ-որ մեկը ստացել է դա, ռիսկերից մեկն եմ ես ասում… սա արդեն այլ բնույթի խնդիր է, և մարզպետարանը չի կարող բացահայտել ու պարզել` ստորագրությունները կեղծ են, թե` ոչ: Դա նախաքննական մարմնի գործառույթն է, ինչը որ հիմա իրականացվում է», – ասել է  Էդգար Ղազարյանը:

Առայժմ պարզ չէ, թե արդյոք չարաշահումների մեջ մեղադրվող նախկին մարզպետը կներգրավվի ավագանու կազմում: Նաիրա Զոհրաբյանը փոխանցել է, որ վերջնական որոշում չունեն մասնակցելու են ավագանու աշխատանքներին, թե` ոչ, չնայած հիմնական տեսակետը այն, որ պետք է վերցնել մանդատները եւ շարունակել պայքարը:

«Բայց եթե մենք մասնակցենք ավագանու աշխատանքներին, կարծում եմ, որ պարոն Բագրատյանը կլինի ավագանիում», – ասել է Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս