Արմեն Մարտիրոսյան. Իշխողների եկամուտներն այս ժամանակահատվածում ևս աճել են

«Եթե նույնիսկ տասը նախարար էլ փոխեին, միևնույնն է՝ համակարգի վրա որևէ ազդեցություն դրանք չէին ունենա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ կառավարման տրամաբանությունը շարունակում է մնալ նույնը, իսկ սոցիալ-տնտեսական թվերն էլ վկայում են իրավիճակի վատթարացման մասին:

«Մեր կառավարման տրամաբանությունն այնպիսին է, որ այն այլևս դրական ուղղությամբ շարժվել չի կարող: Ընդամենը կենտրոնացվածության աստիճանն է մեծանալու: Բնականաբար, մենք այս համակարգով՝ կառավարման նմանատիպ գործիքակազմով չենք կարողանալու այն զարգացումն ապրել, որն անհրաժեշտ է մեր պետության համար»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով, մեր պետությունը՝ հասարակության աղքատացման առումով, անկման փուլում է, իսկ իշխանություններն էլ` աճի. «Իշխողների եկամուտներն այս ժամանակահատվածում ևս աճել են, ինչը նաև իրենց եկամուտների հայտարարագրերից է ակնհայտ երևում: Իսկ փոխարենը հասարակության աղքատացումն ակնհայտ մեծանում է»:

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է ապահովել, ինչո՞ւ փոխեցին հատկապես տնտեսական ոլորտի պատասխանատուները, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, իրենց փոփոխությամբ որևէ ազդեցություն չենք ունենալու: Դրա համար էլ իրենց փոխեցին: Ինչ վերաբերում է 7 տոկոս աճին` որքանո՞վ է այդ աճը համապատասխանում իրականությանը. տնտեսական ակտիվությունն ու տնտեսական աճը տարբեր թվեր են: Տնտեսագետներից շատերն էլ հիմնավորեցին, որ տնտեսական աճն այդքան չէ: Կան նաև տնտեսագիտական վերլուծություններ այն մասին, որ Հայաստանում մինչև 10 տոկոս տնտեսական աճի պայմաններում եկամուտների անհավասարաչափ բաշխվածության, տնտեսական շուկայի մոնոպոլացման պատճառով, հասարակությունը չի կարողանալու օգտվել այդ աճից: Դրանից կօգտվեն միայն մի խումբ մոնոպոլիստներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Հասարակությունը միայն 10 տոկոսից հետո կարող է դրական փոփոխություն զգալ»:

Հարցին էլ, թե՝ ինչո՞ւ չփոխեցին մյուս նախարարներին, արդյո՞ք դա նշանակում է, որ գո՞հ էին նրանց աշխատանքից, Արմեն Մարտիրոսյաը պատասխանեց. «Իշխանությունները, բնականաբար, շատ գոհ են: Ինչի համար նախատեսված է այս համակարգը՝ այդ  նախարարները լուծում են այդ խնդիրները: Իսկ համակարգը լուծում է մի խումբ մարդկանց գերշահույթներ ապահովելը, կառավարման համակարգը ծառայեցնում են մի խումբ մարդկանց համար, երկրի ռեսուրսները մի խումբ մարդկանց համար ապահովում են: Այնպես՝ որ բնական է, որ պետք է այսպես լիներ»:

Տեսանյութեր

Լրահոս