Ո՞վ է ֆինանսների նոր նախարարը
Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ֆինանսների նախկին, այժմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:
Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց նախարարության աշխատակազմին շուրջ 2.5 տարիների համատեղ աշխատանքի համար՝ դրական գնահատելով այդ ընթացքում նախարարության արձանագրած արդյունքները: Վ. Գաբրիելյանը հավելեց, որ համագործակցությունն ապագայում նույնպես կշարունակվի, և ֆինանսների նախարարությունը կարձանագրի պետության զարգացմանն ու բարգավաճմանն ուղղված դրական արդյունքներ:
ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահին և վարչապետին բարձր վստահության համար, մասնավորապես նշեց, որ ֆինանսների նախարարության աշխատակազմը մշտապես առանձնացել է բարձր պրոֆեսիոնալիզմով: Նա նաև վստահություն հայտնեց, որ ՀՀ Նախագահի և վարչապետի կողմից առաջիկա տարիների համար առաջադրված խնդիրներին համատեղ ջանքերով լուծումներ կտրվեն:
Դավիթ Սարգսյանը ծնվել է 1977թ հուլիսի 14-ին, Երևանում
1994-1999 թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 1999-2002 թթ.Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի կոչում:
1997-1998թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Պետական պարտքի կառավարման վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, 1998-1999թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Արտաքին պետական պարտքի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:
2001-2003թթ.՝ Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհուրդ, տնօրենի տեղակալ
2003-2008 թթ. դասախոսել է Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտում
2004-2007 թթ.- Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խումբ, քարտուղար
1999-2002 թթ.- ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ
2002 թ. – ՀՀ Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության Բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ
2002-2006 թթ. – ՀՀ Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետ
2006-2008 թթ. – ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ
2008 -2013 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
2013 թ. մայիսի 8-ին ստանձնել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: