41 տեղամասերում վերահաշվարկի արդյունքում ՀՀԿ-ի ձայներն ավելացել են 2-ով

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր ժամը 13-ի դրությամբ ամբողջությամբ ավարտվել են թ.թ. 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 ընտրատարածքների թվով 10 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: Նախօրեին վերահաշվարկ էր իրականացվել 31 ընտրատեղամասերում:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ինչպես և նախօրեին, այսօր ևս 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին կողմ ձայների որևէ էական փոփոխություն չի գրանցվել:

Մասնավորապես, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը չի փոխվել, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 2-ով, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններինը՝ 1-ականով, իսկ «Առաքելություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 2-ով, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը՝ 4-ով:

Վերահաշվարկի աշխատանքները շարունակվում են: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետը մայիսի 10-ի ժամը 14.00-ն է: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչև 18.00-ը:

Տեսանյութեր

Լրահոս