Քաղաքապետի հնարավոր տեղակալները. մամուլ
«ՀՀԿ-ում արդեն ձեռնամուխ են եղել քաղաքապետի տեղակալների խնդրի քննարկմանը: Ըստ «կանոնակարգի»` առաջին տեղակալը պետք է լինի ՀՀԿ-ից»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.
«Առայժմ չի որոշվել, թե ով, սակայն թեկնածուների պակաս չկա: Հետաքրքիր է, որ մինչ այս մրցակցում էին Թոխմախի Մհերը` Դավիթ Սեդրակյանի, ու Սամվել Լիմինդրովիչը` դարձյալ Դավիթ, բայց Օհանյանի համար:
Եթե Ալեքսանյանին հաջողվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին դարձնել տեղակալ` իր եղբորորդին կդառնա թաղապետ: Սեդրակյանի որդուն ՀՀԿ-ում հակված չեն նշանակել առաջին տեղակալ, իսկ «շարքային» տեղակալ վերջինս չի ցանկանում:
Երեկ պարոն Թոխմախի փոխարեն հեռախոսը վերցրեց նրա «հեռախոսապատասխանատուն», ասաց` պարոն Սեդրակյանը Հայաստանում չէ, Անգլիայում չէ, նրա որդի Դավիթը չի ցանկանում տեղակալ դառնալ, որովհետև «ծով» զբաղմունք ունի: Բիզնեսո՞ւմ՝ հարցրինք, ասաց` այո, նաև` բիզնեսում:
Դավիթ Օհանյանն էլ չցանկացավ խոսել, որովհետև «մեր պատճառով եկել-իրենց տուգանում են»: Խոսքն առնչվում է նրան, որ Մալաթիա-Սեբաստիայում անօրինական «սալյուտ» են խփել Տարոնի հաղթանակի առիթով. «Երբ մենք ոչ մի կապ չունենք, պարզապես մեր շտաբի կողքին հանդիսությունների սրահ է, ինչ-որ մեկի 70-ամյակն էին տոնում»: Իսկ հնարավո՞ր է դա պատճառ դառնա, որ Դուք քաղաքապետի տեղակալ չդառնաք: «Ինձ հետ ոչ մեկն այդ թեմայով չի էլ խոսել»,- կրկնեց Դավիթ Օհանյանը, իսկ ՀՀԿ-ում չբացառեցին Դավիթի՝ տեղակալ դառնալը: Չբացառեցին նաև, որ «շարքային» տեղակալ կարող է լինել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը: