Սեյրան Օհանյանը՝ Կառավարության կազմի փոփոխության մասին
«Այն քաղաքական ուժը, որն այսօր հաջողության է հասել, ինչպես նաև քաղաքի ընտրություններում ունի որոշակի կշիռ, ճիշտ որոշում է ընդունել փոփոխությունների իրականացման առումով»,- ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսպես պատասխանեց 168.am-ի հարցին՝ արդյոք դրական ազդեցություն կունենա՞ն կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները:
Նախարարի կարծիքով՝ իր աշխատանքի գնահատականը կարող է տալ իր վերադասը, այն կոլեկտիվը, որտեղ ինքը աշխատում է, այն հասարակությունը, որտեղ իր գերատեսչությունը ծառայություն է իրականացնում:
Դիտարկմանը, թե կառավարության կազմում էական փոփոխություններ չարձանագրվեցին, թեև Սերժ Սարգսյանը Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ դժգոհություն էր հայտնել, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Ընդհանուր առմամբ աշխատանքային պրոցեսի մեջ խորհրդակցությունները, տարբեր կազմակերպչական միջոցառումները, որոնք ուղղորդող նպատակ ունեն` ասենք ուղղություն տալ մարդկանց, նշել լավ կողմերը, նշել այն թերությունները, որոնք աշխատանքի ընթացքում լինում են, զգուշացնել մեկ կամ երկու անգամ, չէ՞ որ մարդիկ իրենց գործի մեջ նաև սխալվում են, դա կարծում եմ, որ անհրաժեշտություն է: Երկրի ղեկավարը նման խորհրդակցություններ ոչ մի անգամ է անցկացնում, ինքը անց է կացնում տարբեր ոլորտներում, տարբեր գերատեսչություններում, նաև մեր գերատեսչությունում, մեր ոլորտի մասով»: