Սա ընտրություն է, ի՞նչ կապ ունեն թաղային հեղինակությունները. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները գնահատում է «փայլուն, որակով, ժողովրդավար»: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագորողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ նախագահական ընտրությունները ևս շատ լավ են անցել, բայց քանի որ սրանք համայնքային ընտրություններ էին, պետք է տարանջատվեին համապետական ընտրություններից:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ էին պայմանավորված ավագանու ընտրություններում թաղային հեղինակությունների ակտիվությունը: Ի պատասխան Հովիկ Ավրահամյանն ասաց. «Ինձ թվում է արտացոլված չէր: Երևի լավ նայել… սա ընտրություն է, ի՞նչ կապ ունեն թաղային հեղինակությունները»:

Իսկ հարցին, թե ո՞ւմ է պարտական Տարոն Մարգարյանն իր հաղթանակի համար, Հ. Աբրահամյանը զարմացավ. «Բայց ինչո՞ւ պետք է պարտական լինի ինչ-որ մեկին»: Դիտարկմանը, թե ասում են, որ ավագանու ընտրությունների պատասխանատվությունը դրված է եղել Մհեր Սեդրակյանի վրա, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ համաձայն չէ ձևակերպման հետ. «Սա ՀՀԿ հաղթանակն էր: Մեր գործադիր մարմինը, խորհուրդը, կուսակցության ղեկավարը որոշում են կայացրել, որ մեր քաղաքապետի թեկնածուն լինի Տարոն Մարգարյանը, իսկ ինքն իր աշխատած տարիներին շատ լավ է աշխատել: Արդյունքներն էլ ցույց տվեցին, որ մեր թեկնածուի հարցում չենք սխալվել. ճիշտ ընտրություն ենք կատարել: Դրա համար մենք ստացանք 56 տոկոս ձայն ու առանց որևէ խախտման, առանց դժգոհությունների»:

168.am-ի դիտարկմանը, թե մամալում անընդհատ ահազանգեցին, որ ընտրախախտումներ են եղել, կաշառք է բաժանվել, ԱԺ նախագահն ասաց. «Ես փաստերին եմ հավատում: Եթե կլինեն գործ կհարուցվի»:

Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, որ Հովիկ Աբրահամյանի ու Էդուարդ Շարմազանովի միջև լարվածություն կա, ԱԺ նախագահը նկատեց. «Մեր մեջ չի կարող հակասություն լինել, քանի որ նա իմ տեղակալն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները: Ոչ մի հակասություն չի եղել ու չի էլ լինելու ապագայում: Եվ ընդհանրապես դա մեր բոլորի խնդիրն է, ուղղակի դեղին մամուլը փորձում է սեպ խրել, ինչը չի հաջողվի»:

Տեսանյութեր

Լրահոս