Տարոն Մարգարյան. Թող մտածեն այն մարդիկ, ովքեր ունեն, բայց չեն գրում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քիչ առաջ պատասխանելով 168.am-ի հարցին, թե շատերին հանգիստ չի տալիս ԿԸՀ ներկայացրած Ձեր հայտարարագիրը, ինչպե՞ս եք վերաբերում այդ թեմայի շուրջ ընթացող խոսակցություններին, ասաց.

«Այդ մասին դուք կարող եք մամուլում ծանոթանալ իմ մեկնաբանությանը»: Դիտարկմանը, թե այն քննվում է ՀՔԾ կողմից, Տարոն Մարգարյանն ասաց. «Դա ինձ չի անհանգստացնում, ինչ ունեի՝ հստակ իմ հայտարարագրի մեջ գրել էի: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր ունեն՝ չեն գրում»:

Անդրադառնալով տեղի ունեցած ավագանու ընտրություններին, Տարոն Մարգարյանն ասաց, որ այն գնահատում է նորմալ. «Ես արդեն իմ շնորհակալությունը հայտնել եմ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ երևանցիներին, բնակիչներին, որոնք ակտիվորեն մասնակցեցին ավագանու ընտրություններին: Հատկապես շնորհակալ եմ այն բնակիչներին, ովքեր իրենց քվեն տվեցին մեր թիմին, ինչպես նաև շնորհակալ եմ այն երևանցիներին, ովքեր իրենց քվեն չտվեցին մեզ»:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի կողմից Ձեզ ուղղված մեղադրանքներին, և ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համագործակցությունը «Բարև, Երևանի» և ԲՀԿ-ի հետ, Տ. Մարգարյանը պատասխանեց, թե ինքը կողմնակից է առողջ խորհուրդներին և առաջարկներին: Հարցին էլ, թե տարօրինա՞կ չէ, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն չհաղթահարեցին 6 տոկոսանոց արգելքը, Տարոն Մարգարյանը պատասխանեց.

«Ընտրությունները մրցակցային էին ու մրցակցության ժամանակ բոլորն էլ ցանկություն ունեն հաղթելու»:

Տեսանյութեր

Լրահոս