Դերենիկ Դումանյանը՝ իր վերանշանակման մասին

Առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակված Դերենիկ Դումանյանը քիչ առաջ՝ ի պատասխան  168.am-ի հարցին՝ ինչո՞ւ չփոխեցին Ձեզ՝ գո՞հ էին Ձեր աշխատանքից, թե՞ այլ թեկնածու չկար, ժպտալով ասաց. «Այդ  հարցերն ուղղե՛ք այն մարդկանց, որոնք իրավասու են»:

Մեր դիտարկմանը, թե արդյոք Դուք իրավասու չե՞ք պատասխանել մեր հարցին,  Դ. Դումանյանն ասաց. «Իհարկե՝ ո՛չ: Ես իմ ենթակայությամբ բոլոր աշխատողների նշանակելու, ազատելու մասին Ձեզ լիարժեք կպատասխանեմ, բայց երբ խոսքն ինձ է վերաբերում, այդ որոշող մարմինը կուսակցության խորհուրդն է, կուսակցության գործադիր մարմինն է, և կարծեմ թե՝ մեր մամլո քարտուղարը ձեր հարցերին սպառիչ պատասխանել է»:

Այնուամենայնիվ, Դ. Դումայնանը նշեց, որ ինքն ուրախ է, որ վերանշանակվել է իր պաշտոնում, քանի որ հնարավորություն կունենա շարունակել սկսած գործերը:

Քանի որ այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստի ժամանակ վերանշանակված նախարարները հիմնականում տնտեսական բլոկի պատասխանատուներն էին, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ, ըստ Ձեզ, փոխվեցին հենց այդ նախարարները, ինչին ի պատասխան՝ նա նշեց. «Եկե՛ք, այդ հարցերը ուղղե՛ք վարչապետին, լա՞վ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք առողջապահության նախարարությունում «ատկատ» չկա՞, նա բացասական պատասխան տվեց: Իսկ ճշտող հարցին, թե արդյոք նախկինում «ատկատ» եղե՞լ է, նախարարը պատասխանեց. «Դուք հիմիկվանից հարցրեցիք, ես ասում եմ՝ ոչ, չկա»:

Իսկ առողջապահության ոլորտին վերաբերող հարցերին, Դ. Դումանյանը նախընտրեց չպատասխանել՝ խոստանալով մի օր լրագրողներին հրավիրել ու խոսել այդ հարցերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս