Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինիին:
Ողջունելով հյուրին՝ Նախագահը երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ և արաբ ժողովուրդների պատմությունը լի է բարեկամության վառ օրինակներով, և Հայաստանի անկախացումից ի վեր այդ պատմական ջերմ հարաբերությունները վերաճել են սերտ միջպետական հարաբերությունների:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ-ի և ԱՄԷ-ի համագործակցության մասին:
Ընդգծելով, որ վերջին տարիներին ակտիվացել են շփումները Հայաստանի և ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների միջև ևս՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ այս ոլորտը հետզհետե իր կայուն տեղն է զբաղեցնում հայ-էմիրաթական հարաբերությունների օրակարգում՝ նպաստելով նաև երկու պետությունների միջև կապերի ամրապնդմանը:
ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինին նշել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի հետ ձևավորվել է բավականին արդյունավետ փոխգործակցություն և վստահություն է հայտնել, որ մեծ ներուժ կա խորացնելու համագործակցությունը բարձրագույն վերահսկիչ կառույցների միջև: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև այս ոլորտում փորձի փոխանակումը:
ՀՀ նախագահի աշխատակազմ