Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ Իգոր Լուկշիչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին:
Նախագահը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետին մեր երկրում և նշել, որ նրա այցը լավ հնարավորություն է ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները, մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
ՀՀ Նախագահը և Չեռնոգորիայի փոխվարչապետը երկուստեք ընդգծել են, որ հայ-չոռնոգորյան հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա, հակառակը՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ նմանություններ, ինչը լավ հիմք է երկկողմ համագործակցության զարգացման համար: Իգոր Լուկշիչը ողջունելի է համարել, որ երկու երկրների մայրաքաղաքներն արդեն իսկ համագործակցում են որպես քույր քաղաքներ:
Քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում օգտակար է համարվել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը, որի ուղղությամբ, ըստ Չեռնոգորիայի փոխվարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանն արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ աշխատանքը, ինչն զգալիորեն կնպաստի մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս ակտիվ համագործակցություն կձևավորվի երկու երկրների միջև:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում առկա վիճակին, զարգացումներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին:
ՀՀ նախագահի աշխատակազմ