Բարմենը կոկտեյլով այրում է հաճախորդի դեմքը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում 28-ամյա մի տղամարդ է տուժել, երբ փորձել է «յուրահատուկ ձևով» խմել «աբսենթ» ոգելից խմիչքը` վառվող բաժակից: Այս մասին հայտնում է ռուսաստանյան Lifenews.ru կայքը:
Արդյունքում տուժողը` Ալեքսեյ Պոնոմարյովը, լուրջ վնասվածքներ է ստացել`այրելով ամբողջ դեմքը և գլուխը, ինչի մեղավորը, ինչպես հայտնում է Lifenews-ը, գիշերային ակումբի բարմենն է, ով բառացիորեն բոցավառվող կրակը լցրել է իր հաճախորդի վրա:
Այժմ երիտասարդը գտնվում է հիվանդանոցում, որտեղ ստանում է բուժում ստացված վնասվածքներից: Ինչպես արդեն հայտնի է, այրվել է Ալեքսեյ Պոնոմարյովի դեմքը և մի ականջը:
Lifenews-ը նաև ավելացնում է, որ տուժողը մտադիր է դատի տալ բարմենին, ում անունն է Վադիմ, և որպես ապացույց պատրաստ է դատարանին տրամադրել այն տեսանյութը, որը բջջային հեռախոսով նկարահանել է իր ընկերուհին, ով միջադեպի պահին գտնվում էր իր կողքին: