Ժամկետային զինծառայող երկվորյակ եղբայրները բազմակի դանակահարված վերքեր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Գագիկ Ավագյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Հանցափորձը, սպանությունը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 2-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված երիտասարդները հանդիսանում են 21-ամյա Հովհաննես և Հակոբ Մանուկյանները, ովքեր երկվորյակ եղբայրներ են և հիվանդանոց են տեղափոխվել Աճառյան փողոցի 15 շենքի իրենց բնակարանից:
Հակոբը հիվանդանոց է տեղափոխվել բազմակի դանակահարված վերքեր ախտորոշմամբ, իսկ Հովհաննեսը՝ գոտկային շրջանի կտրած թափանցող վերք ախտորոշմամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ եղբայրները որպես ժամկետային զինծառայողներ ծառայելիս են եղել Իջևանի X զորամասում և կարճատև արձակուրդի են եղել՝ օրինական հիմունքներով:
Կատարված հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական-քննչական համատեղ միջոցառումներ: