Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. զոհված վարորդը մենակ չի եղել (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում մայիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի փաստով նյութերը փոխանցվել են ՌԴ զինդատախազություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում, Արարատի մարզի Եղեգնավան գյուղի «Կախանով» ջրանցքից դուրս էր բերվել Opel մակնիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել էր Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 23-ամյա Թովմաս Առաքելյանի դին։ Տեղում կարծիք էր հայտնվել, որ Թ. Առաքելյանը եղել է նշված ավտոմեքենայի վարորդը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա եղել է ուղևոր, իսկ վարորդը եղել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Կարապետյանը, իսկ մյուս ուղևորը՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Կարո Բարսեղյանը։
Ըստ տեղեկությունների՝ երբ ավտոմեքենան ընկել է ջրանցքը, Ա. Կարապետյանն ու Կ. Բարսեղյանը հասցրել են դուրս գալ ավտոմեքենայից, ապա փորձել օգնել իրենց ընկերոջը, սակայն չեն կարողացել, և երբ համոզվել են, որ Առաքելյանը մահացել է, հեռացել են դեպքի վայրից և այդ մասին չեն ասել ոչ ոքի՝ մտածելով, որ երբ հայտնաբերվի ավտոմեքենան, իրավապահները քննությունը կտանեն այն ուղղությամբ, որ նա միայնակ է եղել ավտոմեքենայում և չի կարողացել դուրս գալ ջրանցքում հայտնված ավտոմեքենայից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Ա. Կարապեյանը ծառայում է ՌԴ սահմանապահ զորքերի 9-րդ սահմանապահ ուղեկալում՝ որպես ավագ հրաձիգ։ Նշված ուղեկալում է ծառայում նաև Կ. Բարսեղյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 2-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Ոստիկանության Արարատի բաժնից ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի «Կախանով» ջրանցքում ավտոմեքենա էր ընկել և անհրաժեշտ էր ջրասուզակի, հրշեջ-փրկարարի օգնությունը՝ ավտոմեքենան ջրանցքից դուրս բերելու համար:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ժամանել էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզի փրկարար վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Տ. Սահակյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի 18-րդ հերթապահ ջոկատի ջրասուզակը, Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս էին բերել ջրանցքից:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ջրանցքից դուրս բերված ավտոմեքենան Opel մակնիշի 35 ՕT 105 համարանիշի է, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 23-ամյա Թովմաս Առաքելյանի դին:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ մահացածը ծառայում էր ՌԴ սահմանապահ զորքերի 9-րդ սահմանապահ ուղեկալում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Այդ պահին ջրասուզակը վթարի վայրում որոնողական աշխատանքներ էր կատարում, որպեսզի պարզվեր, թե արդյոք ավտոմեքենայում, բացի Թ. Առաքելյանից, այլ մարդ եղել էր, թե՝ ոչ:
Վթարի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Շաղոյանի, 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի վայրում էին նաև ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Հայկ Բաբոյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Հրաչյա Մուշեղյանը: Դեպքի վայր էին ժամանել նաև ՌԴ սահմանապահ զորքերի պաշտոնյաները:
Վթարի վայրում հավաքված գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել էին, որ նշված ճանապարհահատվածում նման ավտովթարի 5-րդ դեպքն է, որոնցից մեծ մասը ողբերգական ավարտ է ունեցել: Իսկ պատկան մարմինները ոչ մի աշխատանք չեն ձեռնարկում, որպեսզի նշված հատվածում տեղադրվեն երկաթյա և բետոնե արգելապատնեշներ, ինչպես նաև՝ նախազգուշական ցուցանակներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի