Օմբուդսմենի կոչը քաղաքացիներին. Սննդի անվտանգությունը բոլորիս կյանքի իրավունքի երաշխիքն է
Սննդամթերքի անվտանգությունը երաշխավորում է իրավունքներից ամենակարևորը` մարդու կյանքի իրավունքը: Դեռևս 2010 թվականի վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվել է սննդամթերքի որակի նկատմամբ հսկողության բավականին արդյունավետ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս կապակցությամբ հատուկ նշել է, որ «Հայաստանում վաճառվող սնունդը պետք է որակյալ և անվտանգ լինի: Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի: Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այդ դաշտում չի լինելու ոչ մի պատճառաբանությամբ»:
Սննդի անվտանգության այս համակարգի միջոցով իրականացվում են մշտադիտարկումներ և ստուգումներ, որոնք ուղղված են մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր սննդամթերքի արտադրության և շրջանառության կանխմանն ու արգելմանը: Լիազոր մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում վտանգավոր մի շարք սննդամթերքների ներմուծումը կամ իրացումը կասեցվել ու արգելվել է, իսկ անորակ սննդամթերքը` ոչնչացվել: Համակարգը գործում է ամբողջ հանրապետության տարածքում` գոյություն ունեն դրա գործունեությունն ապահովող մարզային կենտրոններ, ինչպես նաև սահմանային հսկիչ կետեր:
Անվտանգ սննդի ապահովման խնդիրը պետական մարմինների պարտականությունն է, սակայն այս գործում հատուկ կարևոր դեր ունի յուրաքանչյուրը: Անհրաժեշտ է զանգահարել 43-40-40 թեժ գծի հեռախոսահամարով, եթե
1. հանդիպել եք ժամկետանց սննդամթերքի,
2. սննդամթերքի վրա չկան մակնշումներ` դրա արտադրության կամ պիտանելիության ժամկետի, վայրի, ներմուծողի կամ արտադրողի մասին,
3. փաթեթների վրա առկա մակնշումներն անընթեռնելի են,
4. առևտրի օբյեկտում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները վաճառվում են համատեղ՝ նույն բաժնում,
5. առևտրի օբյեկտում առկա են վատ սանիտարահիգիենիկ պայմաններ:
Նոր ստեղծված մեխանիզմի շնորհիվ վերջին երկու տարվա ընթացքում բացահայտվել է սննդի անվտանգության պահանջների խախտման ավելի քան 2000 դեպք: Նման դեպքերի բացահայտումը ամենևին չի նշանակում, որ վատթարացել է սննդի որակը, այլ միայն վկայում է այն մասին, որ բացահայտվում և կանխվում են մեր կյանքի ու առողջության համար ավելի մեծ թվով վտանգներ: Պետք է հետևողականորեն շարունակել սկսված դրական գործընթացը և նպաստել մեր շուկաներում անորակ և վնասակար սննդի իսպառ վերացմանը:
Պաշտպանի աշխատակազմ