Լյուդմիլա Սարգսյան. «Գլխավոր գրպանահատը Տիգրան Սարգսյանն է»
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների մասին, նշեց հերթական կեղծված ընտրությունների և դրանցում փողի գործոնի նշանակության մասին:
Այս իրավիճակում, ըստ տիկին Սարգսյանի, Հայաստանում գլխավոր խնդիրը մեկն է` երկրում հաստատել սահմանադրական կարգ և կասեցնել արտագաղթը: Ըստ Լ.Սարգսյանի` այդ նպատակին հասնելու համար պետք է ստորադասել նույնիսկ քաղաքական ուժերին:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների արտագաղթին, Լ. Սարգսյանն ընդգծեց, որ, իր կարծիքով, մարդուն ստիպում է լքել իր երկիրը ոչ այնքան սոցիալական ծանրագույն վիճակը, որքան արդարության բացակայությունը:
«Իհարկե, մենք շատ լավ գիտենք, որ ժողովրդի սոցիալական վիճակը շատ ծանր է, և ես համարում եմ, որ իշխանությունն ուղղակի մտել է մեր ժողովրդի գրպանը: Իսկ գլխավոր գրպանահատը Տիգրան Սարգսյանն է, ով ոչ մի կերպ ժողովրդի գրպանից դուրս գալ չի ուզում և ամեն ինչ անում է, որ այդ գրպանը ծակվի:
Այդ դեպքում շատ ավելի մեծ կլինի արտագաղթը, հասարակությունն ավելի վերահսկելի կլինի, և այդ դեպքում Տիգրան Սարգսյանը, բնականաբար Սերժ Սարգսյանի հետ համատեղ՝ կկարողանան ավելի թալանել պետությունը,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը,- Հետևաբար` ունենք մի խնդիր` վերականգնել Հայաստանում արդարությունը, իսկ դա հնարավոր է միայն սահմանադրական կարգի վերականգնումից հետո»:
Այս համատեքստում` տիկին Սարգսյանը խոսեց ՍԴՀԿ-ի վերաբերյալ կայացված վճռի մասին, որն, ըստ նրա, անարդարության ուղիղ վկայությունն է:
«Մեր դատական վճիռն ուղիղ դրա վկայությունն է, երբ 100 տոկոսանոց ճշմարտությունը դատարանում ապացուցելու հնարավորություն չունես, և դատական վճիռ է կայացվում ուղիղ զանգի միջոցով: Երբ նայում ես փաստերը և վճիռը՝ ապշում ես: Ինչպես իմ ընկեր Գուրգենը կասեր, ոչ մի երկրում նման բան չես տեսնի, Զոշչենկոն այդ երևակայությունը չունի: Երբ մինչև 2012 թ. պետռեգիստրում գրանցված է մի վարչություն (ՍԴՀԿ) և ատենապետ` ի դեմս ինձ, և հանկարծ տեղի է ունենում համագումար, որի մասին մենք տեղյակ չենք, որի մասին որոշում կարող էր կայացվել միայն գործող վարչությունը»,- հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը:
ՍԴՀԿ ատենապետն ասաց, որ այդ համագումարը, որը կայացել է ՍԴՀԿ-ի անունից` տեղի է ունեցել առանց վարչության տեղեկության:
«Հետևաբար` սա ուղիղ քաղաքական պատվեր էր և շնորհակալություն էր Սեդրակ Աճեմյանին` շնորհավորելու համար: Բայց ապշում եմ մի բանից. արդյոք Սերժ Սարգսյանն այնքան թո՞ւյլ էր, որ կախված էր և նրա համար կարևոր էր Սեդրակ Աճեմյանի շնորհավորանքը»,- ասաց նա:
Նշենք, որ Սեդրակ Աճեմյանը համարվում է ՍԴՀԿ-ի «իշխանական» թևի ղեկավարը: