
Զարուհի Փոստանջյանի 4 դիմումներում ներկայացված փաստերը ստուգվում են

Ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունը ստացել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների 72 ահազանգ: Քիչ առաջ այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ հայտնել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Ըստ նրա, ահազանգերից 28-ն առնչվում էր ընտրակաշառքներին, 6-ը՝ ընտրողների կամքի ազատ արտահայտմանը, 5-ը թեկնածուի վստահված անձի, դիտորդի կամ լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, ևս 5-ը մեկից ավելի անգամ կամ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերին, մնացած 27 ահազանգերն առնչվում են այլ ընտրախախտումներին:
Ըստ Թ.Պետրոսյանի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 4 դիմում է ներկայացրել ոստիկանություն Արաբկիր վարչական շրջանի տարածքում իր՝ թեկնածուի վստահված անձի, լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Այս դիմումների, ինչպես նաև մեքենաներով ընտրողներին տեղափոխելու, ոստիկանների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու ահազանգերի առնչությամբ կատարվում են ստուգումներ: Դրանցից հետո եթե, մասնավորապես, ոստիկանների գործողություններում խախտումներ հայտնաբերվեն, կարգապահական վարույթներ կհարուցվեն և իրենց պարտականություններում թերացած ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն:
Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ հարուցված բոլոր երեք քրեական գործերն առնչվում են մեկից ավելի կամ ուրիշի փոխարեն քվեարկելուն: