Կովալենկո Շահգալդյան. ՀՀԿ-ն անցած է, մնացածի մասին ինքներդ մտածեք

Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակից, որտեղ հավաքված է ՀՀԿ-ն՝ գրեթե ամբողջ ղեկավար կազմով, դուրս եկավ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը, նա պատասխանեց. «Ինչպես միշտ՝ մեր կուսակցությունը այս ընտրություններում ևս, կարծում եմ՝ հաղթել է»:

Դիտարկմանը, թե դժգոհություններ կան, որ ընտրախախտումներ և ընտրակեղծիքներ են եղել, Կ. Շահգալդյանը այսպես արձագանքեց. «Էդ պիտի գնայիք տեղամասեր. հանձնաժողովի անդամներ, դիտորդներ, նախագահներ կային և պետք է իրենցից հարցնեիք: Ես ընտրությունների ակտիվ մասնակից չեմ այն առումով, որ երևանցի չեմ»:

Հարցին էլ, թե ՀՀԿ-ն ընդունա՞կ չէ ընտրակեղծիքների, Կոտայքի մարզպետը պատասխանեց. «ՀՀԿ-ն երբեք կեղծիքներ չի արել, հզոր ուժ է ու կեղծիքների չի դիմում: Կեղծիքների դիմում են թույլերը»:

Կ. Շահգալդյանից նաև հետաքրքրվեցինք՝ բացի ՀՀԿ-ից ո՞ր քաղաքական ուժերը կլինեն նոր ավագանիի կազմում: Ի պատասխան, նա ասաց. «ՀՀԿ-ն անցած է, մնացածի մասին ինքներդ մտածեք»:

Տեսանյութեր

Լրահոս