Պոկերի չեմպիոնին դատում են սպանության համար
Ամերիկյան դատարանը պոկերի բրիտանացի չեմպիոն Մարկուս Բեբբ-Ջոնսին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ 1997 թվականին իր կնոջ սպանության համար։ Այս մասին գրում է Press Association-ը։
Ինչպես փոխանցում է գործակալությունը, բրիտանացին իր մեղքը ընդունել է դեռևս 2013 թվականի սկզբին։ Մինչ այդ նա կտրականապես հերքում էր, որ մասնակցություն է ունեցել այդ հանցագործության մեջ։
Հետաքննություն սկսելու առիթ է հանդիսացել 2004 թվականին գանգի հայտնաբերումը ԱՄՆ-ում։ Փորձաքննությունը ցույց էր տվել, որ այն պատկանում է Ջոնսի կնոջը՝ Սաբրինային։ 2009 թվականին բրիտանացուն ձերբակալեցին և հանձնեցին ամերիկյան իշխանություններին։
Հետաքննության վարկածով՝ Բեբբ Ջոնսը կնոջը սպանել է Կոլորադոյում գտնվելու ժամանակ, որտեղ ամուսնական զույգը հյուրանոց ունի։ Հայտարարելով, որ ընտանեկան վեճից հետո կինը փախել է՝ բրիտանացին ուղևորվել էր Լաս-Վեգաս, որտեղ կնոջ բանկային քարտի փողերը սկսել էր ծախսել ազարտային խաղերի և մարմնավաճառների վրա։ Իսկ հետո փորձել էր վերջ տալ կյանքին։
Ընդ որում, ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Բեբբ-Ջոնսը կրակել էր իր այտին՝ նպատակ ունենալով իրականում ոչ թե ինքնասպան լինել, այլ այդպիսի տպավորություն ստեղծել։
1998 թվականին բրիտանացին վերադարձել է հայրենիք և սկսել պոկեր խաղալ պրոֆեսիոնալ մակարդակով։ Թերթի տվյալներով, նրա առավելագույն շահումը եղել է 90 000 ֆունտ ստերլինգ։
Իսկ The Daily Mail-ը ավելացնում է, որ Բեբբ Ջոնսը դատից առաջ համաձայնության է եկել հետաքննության հետ. նա խոստովանել է կնոջ ոչ կանխամտածված սպանության փաստը, իսկ դատարանը սահմանափակվել է 20 տարվա պատժաչափով։