Ինչո՞ւ է ՕԵԿ-ը վերանայել հանրահավաք անցկացնելու մասին իր որոշումը
Երևանի քաղաքապետարանի կայքէջում`«Հանրային հավաք» բաժնում, տեղադրված հայտարարության համաձայն, այսօր` մայիսի 1-ին, ժամը 17:00-21:00-ն Մատենադարանին հարող տարածքում պետք է տեղի ունենար «Օրինաց երկիր» կուսակցության հավաքը: Համենայնդեպս, կուսակցության գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանն այսպիսի իրազեկում ներկայացրել էր, քաղաքապետի լիազոր ներկայացուցիչն էլ այն ընդունել էր որպես ի գիտություն:
Կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ այսօր տեղի չունեցավ ՕԵԿ հանրահավաքը: Նա զարմացավ՝ ասելով, թե առաջին անգամ է լսում այդ մասին: «Ես, ճիշտն ասած, առաջին անգամ եմ ձեզանից լսում, որ մենք պետք է հավաք ունենայինք: Այդտեղ երևի ինչ-որ թյուրիմացություն կա: Չի եղել մի դեպք, որ մենք հայտարարենք հանրահավաք կամ այլ բան, հետո չանենք»,- 168.am-ին ասաց կուսակցության մամուլի խոսնակը: Կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս տեղյակ չէր, որ ՕԵԿ-ը Մատենադարանում հանրահավաք անցկացնելու մտադրություն է ունեցել: «Ես առաջին անգամ եմ լսում, դիմեք շտաբ»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Հետևելով տիկին Բիշարյանի խորհրդին` դիմեցինք Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի նախընտրական շտաբի պետ Խաչիկ Հարությունյանին, և նա պարզաբանեց, թե ինչու այսօր տեղի չունեցավ հանրահավաքը:
«Մենք ներկայացրել էինք իրազեկում, հետո գրություն էինք ներկայացրել, որ չենք անելու, ուղղակի քաղաքապետարանը թյուրիմացաբար երևի չի հանել հայտարարությունը»,- 168.am-ին տեղեկացրեց շտաբի պետը: Խաչիկ Հարությունյանը հանրահավաքը չեղյալ համարելու որոշումը բացատրեց այն հանգամանքով, որ կուսակցությունը նպատակահարմար է համարել քարոզարշավի ընթացքում ակտիվի հետ հանդիպումները: