Ռուբեն Թորոսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. Ձեր «սուրբ» գործընկեր ԲՀԿ-ի հետ Ավագանու գրեթե կեսն եք կազմում՝ գնացեք և փորձեք լուծել առկա խնդիրները

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցության անդամ Ռուբեն Թորոսյանը խմբակցության անունից հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Երևանի քաղաքապետի ապօրինությունների մասին հարցը վաղուց պետք է քննարկվեր Երևանի Ավագանու նիստում: Սակայն, վերջինիս «ընդդիմադիր» անդամների մեղքով, այդ հարցն իրավական լուծման ճանապարհից շարունակում է մնալ զգացմունքային դաշտում:

Նման օրինակ կարելի է անվանել նաև, Երևանի Ավագանու անդամ Առաջին Նախագահի երեկվա ելույթը, ինչը շարունակություն է այն նույն «երգի», որ տարիներ շարունակ մարդկանց անիմաստորեն տանում և բերում է հանրահավաքների:

Մի՞թե տեղին չի ասել. Ձեր «սուրբ» գործընկեր ԲՀԿ-ի հետ Ավագանու գրեթե կեսն եք կազմում՝ գնացեք և փորձեք լուծել առկա խնդիրները և կանխել ապօրինությունները:

Ավելին, այսօր իսկ զանգվածային խախտումներ են իրականացվում՝ սկսած «ՀԱԿ» անվանումից և վերջացրած ՀՀԿ-ի կողմից օգտագործվող վարչական ռեսուրսներով կամ ԲՀԿ-ական «տրակտորներով»: Ինչո՞ւ չեք պայքարում դրանց դեմ… չէ՞ որ հետո «ՍԴ» հիմնարկում չեք կարողանալու բացատրել ձեր այսօրվա, մեղմ ասած, ալարկոտությունը:

Ինչ խոսք, ՀՀԿ-ական քաղաքապետացուի կերպարը որևէ քննադատության չի դիմանում, որին մենք բազմիցս ենք անդրադարձել, այդ թվում, նրա կամ որ նույնն է նրա հոր ունեցվածքին և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի խնդիրներին: Ինչո՞ւ այդ ժամանակ չօգտագործեցիք Ձեր, իբր բոյկոտած, մանդատները:

Ինչև, այդ խնդիրները համարելով գերկարևոր այս ընտրությունների ճակատագրի համար, այսօր մեկ անգամ ևս նախաձեռնում ենք Ավագանու արտահերթ նիստ անցկացնել՝ մայիսի 4-ին ժամը 12-ին, հենց այդ օրակարգով և առաջարկում ենք ՀՀՇՀԱԿԿ-ԲՀԿ «դաշինքին» հնարավորինս աջակցել մեր նախաձեոնությանը:

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցություն

Տեսանյութեր

Լրահոս