ԲՀԿ-ն կարող է համախմբված կերպով «ընտրակեղծիքների դեմն առնել ու ջարդել այս վիճակը»

«Քարոզարշավի ընթացքը ամբողջովին օրենքի շրջանակներում է տեղավորվել»,- այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց ԲՀԿ ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով՝ խախտումներ ու «ինցիդետներ» այլ քաղաքական ուժերի կողմից չեն նկատվել, քարոզարշավն էլ զուսպ ու կոռեկտ է ընթացել: Բագրատյանը նշեց, որ իրենց քարոզարշավը հիմնված է եղել ակտիվ հանդիպումների վրա, ու ԱԺ ընտրությունների վստահության քվեն հասել է մայրաքաղաք:  Ըստ Ս.Բագրատյանի՝ ԲՀԿ-ն կարողացել է հանրությանը ներկայացնել իր ծրագրային մոտեցումներն ու բավարարել դրական այն սպասումները, որոնք ուներ հասարակությունը ԲՀԿ-ից:

Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե մարզերից բնակիչներ են բերվում Երևան և գրանցում այստեղ, ասուլիսի մյուս բանախոս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց. «Անդրադառնամ այդ ցավոտ ու կնճռոտ կետերին, որոնք չակերտավոր լրատվամիջոցները անիմաստ օդից տեղեկություններ տարածելով փորձում են տարածել: ԲՀԿ-ի վերաբերյալ դա միշտ եղել է, բայց ես նորմալ եմ գնահատում. մարդիկ պարապ են մնացել, անելիք չունեն, պատվիրված հոդվածներ գրելու համար ուշքները իրենցը չէ:

Մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք արել ընտրական ցուցակների ճշգրտության համար, մինչ հիմա էլ մենք աշխատում ենք ու շտաբերը հսկում են իրավիճակը՝ կապված մարդկանց ավել գրանցումների մասին: Իրոք, եղել են փաստեր, դեպքեր, երբ հայտնաբերվել է, որ մեկ բնակարանի վրա գրանցված է հինգ հոգի նախագահական ընտրությունների դրությամբ, բայց հիմա քսանհինգ, երեսուն հոգի է հաշվառված»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր կամ վաղը իրենք վերջնական կամփոփեն ու եթե զգան, որ արձանագրված փաստերը ազդելու են ընտրությունների արդյունքների վրա՝ օրենքի սահմանված կարգով դիմելու են ՀՀ ոստիկանություն և ԿԸՀ: Իսկ մինչ այդ, Վահան Բաբայանը նշեց, որ իրենք այդ մասին ահազանգել են միայն ԶԼՄ-ների միջոցով:

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները պետք է մեկ կամ երկու օր առաջ Երևանում գրանցեն մարզերից բերված մարդկանց, երբ, ըստ համապատասխան օրենքի, ընտրություններին արգելվում է մասնակցել այն մարդկանց, ովքեր առնվազն մեկ տարվա գրանցում չունեն, Վ. Բաբայանը պատասխանեց. «Եթե ընտրելու իրավունք չունեն, բայց բայց տվյալ մարդկանց անունները հայտնվում են ցուցակներում: Ի՞նչ է նշանակում՝ չունեն»:

Նրա խոսքով, ԲՀԿ-ն քարոզարշավի ժամանակ առաջ քաշեց այն թեզը, որ երկրում մեկ կուսակցության պետություն լինել չի կարող, ինչն էլ դարձավ ԲՀԿ քարոզարշավի հիմնական թեզը: Նա նաև նշեց, որ իրենք կարող են համախմբված կերպով «դեմն առնել ընտրակեղծիքների ու ջարդել այս վիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս