«Կռվի դաշտում»` ընտրատեղամասում, քաղաքական տարաձայնությունները չպետք է խանգարեն
ՀԱԿԿ անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿԿ-ի Նոր Նորք շրջանի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Առաջիկա ընտրությունների հնարավոր ընտրակեղծիքները կանխելու նպատակով առաջարկում եմ ընտրությունների օրինականության մեջ շահագրգիռ մարդկանց, նաև նրանց, ով դատապարտելով կեղծիքները, զուգահեռ կանխատեսում է լայնածավալ ընտրախախտումներ, մասնակցել ընտրություններին վստահված անձանց կարգավիճակով: Որպես Կոնգրեսի Նոր Նորք շրջանի պատասխանատու, սիրով կընդգրկեմ ընտրական հանձնաժողովներում ազատ և արդար ընտրությունների համար պայքարի պատրաստ կամավորներին: Ինքս մասնակցել եմ նախագահական ընտրություններին Հ. Բագրատյանի վստահված անձի կարգավիճակով, չկիսելով վերջինիս մոտեցումները քաղաքական որոշ հարցերի վերաբերյալ: Համարում եմ, որ Կոնգրեսի հետ որոշ հարցերում տարաձայնություններ ունենալը չպետք է խանգարի փոփոխությունների /կամ` հեղափոխության/ ձգտողներին «կռվի դաշտում»` ընտրատեղամասում կոնկրետ մասնակցությամբ նպատսելու այդքան սպասված փոփոխություններին:
Հատուկ կարևորելով նաև լրատվամիջոցների և լրագրողների դերակատարությունը ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում, առաջարկում եմ նաև Կոնգրեսի Նոր Նորքի շտաբի սերտ համագործակցությունը: Այն կարող է արտահայտվել նաև ընտրությունների օրը հնարավոր թեժ կետերում միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման եղանակով: Այս առումով պատրաստ եմ ուղիղ կապ հաստատել լրատվամիջոցների այն ներկայացուցիչների /կամ` խմբագիրների/ հետ, որոնք ընտրությունների ընթացքում հերթապահություն կանցկացնեն, կամ մոտ կգտնվեն Նոր Նորք վարչական շրջանին: Շնորհակալություն համագործակցության համար»: