«Թողեք, բնակիչների հետ շփվեմ, հա՞». Տարոն Մարգարյանը խուսափեց

Երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպում էր կազմակերպել Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը: Այս մասին հաղորդում է galatv.am կայքը:

Ինչպես և բոլոր հանդիպումների ժամանակ, վերջինս ելույթ ունենալով հավաքվածներին խոստացել է, որ առաջիկայում ունենալու են ավելի լավ Երևան: Մարգարյանից հետո խոսել է ավագանու անդամության թեկնածու Սմբատ Լպուտյանը, ում շարունակել է Հրանտ Թոխատյանը: Հանդիպումը տևել է մի քանի րոպե, որից հետո հավաքված քաղաքացիները իրենց խնդիրներն են բարձրացրել:

Շատերին հետաքրքրում էր, թե երբ է լուծվելու աղբահանության խնդիրը, ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև Այգեձոր թաղամասում գործող դպրոցի վերանորոգման հարցերը: Տարոն Մարգարյանն էլ իհարկե խոստացել է, որ այդ բարձրացված խնդիրները արագ լուծում կստանան:

Բնակիչներից մի քանիսն էլ Տարոն Մարգարյանին հաճոյանալու համար սկսել են գովեստի մի քանի խոսքեր շռայլել նրա հասցեին:

Հանդիպման ավարտից հետո ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է Տարոն Մարգարյանից ճշտել, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ-ի կողմից դատախազություն ներկայացված դիմումին: Տարոն Մարգարյանը, սակայն, հարցը լսելուց հետո արձագանքել է. «Թողեք, բնակիչների հետ շփվեմ, հա՞»: Մեր լրագրողի այն դիտարկմանը, թե հանդիպումն արդեն ավարտվել է, Տարոն Մարգարյանն արձագանքել է. «Իա, էս մարդիկ բնակիչներ չեն»:

Ի դեպ, բնակիչներ ասելով Տարոն Մարգարյանը նկատի է ունեցելր իր թիմակիցներին, քանի որ նա մոտեցել է վերջիններիս, ապա նստել իր մեքենան և արագ հեռացել:

Տեսանյութեր

Լրահոս