Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյան. «Լրագրողին չէին ծեծել, այլ ձեռքից վերցրել էին տեսախցիկը, մաքրել և հետ էին վերադարձրել»

ԳԱԼԱ-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները ծեծի են ենթարկել ilur.am-ի թղթակցին,  տարօրինակ չէ՞, որ ոստիկանն է պատժվում և ոչ թե արարք կատարողը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է.
«Լրագրողին չէին ծեծել, այլ ձեռքից վերցրել էին տեսախցիկը, մաքրել և հետ էին վերադարձրել: Կա հարուցված քրեական գործ: Ոստիկան է ներկա գտնվել այդտեղ, և այստեղ սկզբունք է արդեն գործում: Ես հրահանգավորել էի, որ ոչ թե անձնակազմի աշխատակիցները, այլ ղեկավարներն էին պատժվելու: Արդյունքում միայն այդ դեպքի առնչությամբ ծառայության բաժնի պետի տեղակալը ազատվեց պաշտոնից, բաժանմունքի պետը ստացավ խիստ նկատողություն, իսկ ոստիկանը, ով գտնվել էր այդտեղ, նկատողություն ստացավ»:
ԳԱԼԱ-ի նկատառմանը, թե «իսկ ա՞նձը, ով կատարել էր արարքը», ոստիկանապետը արձագանքել է.
«Այդ անձը կա, և գաղտնիք չէ՝ նա ավագանու անդամ է, քննություն կկատարվի, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Դա դուրս եմ գրում որոշակի թերահավատության վրա, բայց որոշակի, ես խորը համոզմունք ունեմ, որ կլինի ամեն ինչ այնպես, ինչպես կլինի: Որովհետև ՀՀ նախագահը իմ առջև խնդիր է դրել, նա ինձ չի պատմել, ես ոնց պիտի անեմ, նա ասել է՝ բանսարկությունը պիտի վերանա, նա ինձ ասել է՝ պետք է արդարություն լինի, և պետք է լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս