Երևանի բյուջեն պետք է մեծացնել

«Օրինաց Երկիր» կուսակցության վարչության անդամ,  Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, Արաբկիրի նախկին թաղապետ  Հովհաննես Շահինյանը կարծում է, որ Երևան քաղաքի կարևորագույն խնդիրը բյուջեի ավելացումն է: Նա վստահեցրեց, որ ՕԵԿ-ը  գիտի դրա իրականացման արդյունավետ ճանապարհը և պատրաստ է այն առաջարկել անգամ այն ուժին, ով կհաղթի Երևանի ավագանու ընտրություններում:

«Երևան քաղաքի բյուջեն այսօր ծիծաղելի բյուջե է`150-160 մլն դոլար: Նույն ազգաբնակչություն ունեցող Թբիլիսիի բյուջեն երեք անգամ ավելի է: Մենք պետք է սկսենք բյուջեից:  Եթե մենք չունեցանք լուրջ հնարավորություններով բյուջե, ապա  ով ինչ ուզում է` խոսի, խոստանա, դատարկ խոսակցություններ են լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Շահինյանը: Նա նշեց, որ իրական հնարավորություն կա Երևանի բյուջեն եռապատկելու, և վատը կլինի այն քաղաքապետը, ով առաջիկա չորս տարիների ընթացքում դա չանի: Հովհաննես Շահինյանը նշեց, որ նախ՝ քաղաքային տրանսպորտը պետք է գծատերերից ազատել և դրանից ստացված եկամուտը ներառել քաղաքային բյուջեի մեջ: Երևանի բյուջեի ավելացման մյուս ճանապարհը, ըստ Հովհաննես Շահինյանի,  այն կլինի, որ մայրաքաղաքում գրանցված տնտեսվարողների շահութահարկից և  եկամտահարկից մասնահանումներ արվեն: Հովհաննես Շահինյանի կարծիքով՝ կարգազանց վարորդներից գանձված գումարների որոշ մասը ևս պետք է ուղղվի քաղաքային բյուջե:

Հովհաննես Շահինյանն այսօր ասուլիսում անդրադարձավ նաև հանրակացարանների խնդրին` նշելով, որ 10 քմ սենյակում ընտանիք է ապրում, որում չկան սանհանգույց և  բնակության տարրական պայմաններ: «Դրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն: Մարդիկ ծայրահեղ պայմաններում են ապրում: Բայց իրենք ծաղկում են օր օրի, ժամ առ ժամ, իրենց կողքի կիսագրագետ, անդաստիարակ թիմակիցներով»,- ասաց Հովհանննես Շահինյանը: Լրագրողները խնդրեցին հստակեցնել, թե ում մասին է խոսքը: «Նկատի ունեմ բոլոր նրանց,  ում անցած ճանապարհը, աշխատավարձը, եկամուտները և  ունեցվածքը չի համապատասխանում իրար»,- ասաց Հովհաննես Շահինյանը: Այն դիտարկմանը, թե «Հայ ազգային կոնգրեսը»  Գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել`պահանջելով պատժել ՀՀԿ թեկնածու, Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին`համարելով, որ նա ունեցվածքը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով, ՕԵԿ վարչության անդամը արձագանքեց. «Դատախազությունը կուսումնասիրի, կպատասխանի»:

Տեսանյութեր

Լրահոս