«Եթե Արմեն Երիցյանը չվախեցավ իր վրա կրակած հանցագործներից, չի վախենա ոչ մեկից». ընտրող Էրեբունիից

Մայիսի 5-ին Երևանու ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց Երկիր» կուսակցությունն այսօր Էրեբունի վարչական շրջանում էր՝ Ազատամարտիկների պուրակում: Կուսակցության քաղաքապետի թեկնածու, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը հանդիպման սկզբում ասաց, որ արդեն մոտ 70 բակային հանդիպում է հասցրել կազմակերպել:

Նրա խոսքով՝ բոլորը կարող են գրել և ներկայացնել գեղեցիկ ծրագրեր, բայց ամենադժվարը դրանք կյանքի կոչելն է: «Ես կարծում եմ, որ մենք՝ էրեբունցիներով, դա պետք է անենք: Մենք՝ էրեբունցիներով, հաղթելու ենք, և դա պետք է անենք միասին»,- հայտարարեց Արմեն Երիցյանը: Նա վստահեցրեց, որ անգիր գիտի Էրեբունի համայնքի պրոբլեմները՝ բարձրահարկ շենքերի քանդված տանիքներ, անսարք վերելակներ, և այլն: ՕԵԿ-ի թեկնածուն կարծում է, որ յուրաքանչյուր վարչական շրջանի խնդիր լուծելու համար անհրաժեշտ է ունենալ շրջանի անձնագիր: Արմեն Երիցյանը էրեբունցիներին խոստացավ՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում ոչ միայն կազմել այդպիսի անձնագրեր, այլ նաև եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել ծախսված գումարների վերաբերյալ:  Քաղաքապետարանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու քայլերից մեկն էլ, ըստ Արմեն Երիցյանի, քաղաքացի-ընտրված քաղաքային իշխանություններ անջրպետի վերացումն է: ՕԵԿ-ի թեկնածուի կարծիքով, խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է քաղաքական բոլոր ուժերի համատեղ աշխատանքը: Նա խոստացավ, որ քաղաքապետ դառնալու դեպքում կառաջնորդվի  ոչ միայն ՕԵԿ-ի ծրագրով: «Եթե ես ընտրվեմ քաղաքապետ, բոլոր կուսակցությունների  ծրագրերի լավ կետերը կվերցնեմ և իրենց կխնդրեմ, որ իրենք ինձ հետ միասին դա կյանքի կոչեն, և ինչ լավ բան կարող ենք անել երևանցու և Երևանի համար՝ անենք միասին: Բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ ուզում ենք երևանցիների համար լավ լինի»,- վստահեցրեց թեկնածուն: Արմեն Երիցյանը կոչ արեց էրեբունցիներին՝ ձայն տալ իրեն՝ էրեբունցի թեկնածուին, որպեսզի բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն:

Ելույթ ունեցավ նաև Էրեբունի համայնքի բնակիչուհիներից մեկը, ով համոզմունք հայտնեց, որ Արմեն Երիցյանն իսկապես կարող է լինել անկախ քաղաքապետ: Նրա խոսքով՝ քչերն են հիշում, որ «20-30 տարի առաջ, երբ չկար օրինականություն,Արմեն Երիցյանը հանցագործությունների դեմ պայքարում առաջամարտիկ էր»:

«Հիշում եմ, ինչպես ցավոտ ընդունեցինք, երբ հանցագործները կրակեցին նրա վրա: Եթե նա դրանից չվախեցավ և չփոխեց իր կյանքի ապրելաձևը, իր կյանքի կրեդոն, ուրեմն՝ երբեք ոչ մեկից չի վախենա և բոլոր հարցերին կմոտենա ինքնուրույն»,- համոզմունք հայտնեց էրեբունցի կինը:

Տեսանյութեր

Լրահոս