ՀԱԿԿ-ն հանցագործության կատարման մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին.

 

«ՀԱՂՈՐԴՈՒՄ Հանցագործության կատարման մասին

2005 թվականին Տարոն Անդրանիկի Մարգարյանը, որպես Ավանի վարչական շրջանի ղեկավար, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, նրա եւ նրա ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 հազար դրամ: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ ԿԸՀ ներկայացրած` սեփականության եւ եկամուտների մասին հայտարարագրի, վերջին մեկ տարում Տ. Մարգարյանի եկամուտները կազմել էին 64 միլիոն դրամ եւ 50 հազար դոլար։ Բացի այդ, ըստ նույն փաստաթղթի, Ավանի թաղապետը 80 միլիոն դրամի եկամուտ է ունեցել ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից, ներառյալ, ինչպես ինքն է նշել, նվիրատվություններ է ստացել դրամական ձեւերով։ Այսինքն` թաղապետ աշխատելու տարիներին Տ. Մարգարյանի ունեցվածքը միլիոններով է աճել։

Որպես թաղապետ, Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմել է 130 հազար դրամ։ 2005 թվականին, 27-ամյա Տարոն Մարգարյանը` ըստ նույն փաստաթղթերի, 157,9 քմ մակերեսով բնակարան ուներ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքում։ Նույն փաստաթղթի համաձայն, Տ. Մարգարյանին էին պատկանում նաեւ Թումանյան փողոցի 22/20 շենքի 63, 64 եւ 65 բնակարանները։ Այսինքն` շենքի մի ամբողջ հարկ սեփականության իրավունքով Տ. Մարգարյանինն էր։ 2007 թվականին ԿԸՀ ներկայացրած փաստաթղթի համաձայն, բոլոր այս սեփականությունները շարունակում էին պատկանել Ավանի թաղապետին։ Բայց այդ փաստաթղթից երեւում է, որ երիտասարդ թաղապետը իր կարճատեւ պաշտոնավարման ընթացքում ոչ միայն հասցրել է բազմապատկել իր միլիոնները, այլ նաեւ` կրկնապատկել իր անշարժ գույքը։ Այսպես` Ավանի թաղապետը սեփականաշնորհել է Ավան համայնքի Բաբաջանյան փողոցում գտնվող մի հողակտոր, որտեղ երեք հարկանի դղյակ է կառուցում։

Ավանի թաղապետին են պատկանում նաեւ Արաբկիրի Վաղարշյան փողոցի վրա գտնվող` 820 քառակուսի մետր մի տարածք, «Ավան» առեւտրի կենտրոնը, Ավանի Աճառյան փողոցի վրա գտնվող` 3 հազար 729 քառակուսի մետր մի տարածք։ Տ. Մարգարյանը, ըստ իր կողմից ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, Ավան համայնքում ունի 3 ավտոտնակ, բայց ոչ մի մեքենա չունի։ Ամբողջ իր այս ունեցվածքը հայտարարագրելիս Մարգարյանը նշել է նաեւ, որ ժառանգության կարգով ստացված գույք չունի, ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտ չունի, նվիրատվության եւ օգնության կարգով ստացված գույք չունի եւ այլն։ Մի խոսքով, Ավանի թաղապետը, ըստ իր ներկայացրած փաստաթղթերի, ոչ մի կողմնակի եկամուտ չունի։ Ըստ 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության համար ներկայացված հայտարարագրի՝ Տարոնը Մարգարյանը հայտարարագրել է միայն իր անունով սեփականությունը:

Այն է` հարյուր տասնհինհգ մլն. դրամ, հիսուն հազար դոլար, հիսուն հազար եվրո, հիսուն տոկոս բաժնեմաս «Զեթ ընդ Զեթ» ընկերությունում, բնակարաններ Երեւանում – Ավան, Սայաթ Նովա 8, բն. 7, մակերեսը` 137.9 քառ, մետր, Թումանյան փողոց – 63, 64, 65, 190.2 քառ. մետր, Ավան, Բաբաջանյան 77/7, տարածքը` 1578.3 քառ. մետր, տարածք Երեւանում, Առեւտրի կենտրոն 2/3, 761.24ք/մ, տարածք Երեւանում, Ավան, Աճառյան 42, 3729.8 ք/մ, Շենք եւ շինություն, Ավան, Չարենցի թաղամաս, 44ք/մ, Թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը` 2.585ք/մ, Հողամաս Դիլիջանում, Մաքսիմ Գորկի 3/1, 6365ք/մ, Ավտոտնակ Ավան 8 շենքի բակում, եւս մեկ ավտոտնակ Ավան 18 շենքի բակում, Ավտոմեքենա Մերսեդես S 450, 2007թ արտադրության, Ռեյնջ Ռովեր սուպեր չարչ, 2006թ. արտադրության, Մերսեդես Բենց G 500, 2002թ. արտադրության: Նաեւ ստանում է աշխատավարձ` ամեն ամիս 394.000 դրամի չափով: Այս ամենի գնահատումը ամենահամեստ հաշվարկներով գերազանցում է տաս միլիոն դոլարը: (Ավելացնենք որ Տարոն Մարգարյանի կնոջ ներկայացրած հայտարագրում առկա է հետեւյալ գոյքը եւ միջոցները՝ Փամփուշտների գործարանում հիսուն տոկոս բաժնեմաս: Արմավիր` վաթսուն հեկտար այգի, պահածոների գործարան, ստադիոնի մոտ՝ երկհարկանի շինանյութի խանութ, «Միլենա» տաքսի ծառայություն, Ավան առինջում` սուպերմարկետ, Ավանում մոտ վաթսուն կրպակ, «Բունար» գովազդային գործակալություն, որը Երեւանում ունի հիսուն վահանակ, մետրոյի կայարաններում կրպակներ): Ըստ այլ աղբյուրների, սա ամբողջական գույքը, ունեցվածքը եւ եկամտի աղբյուրները չեն, որոնք հայտարարագրվել են Տարոն Մարգարյանի կողմից: ՀՀ Քրեական օրենսգիրքով քրեական պատասխանատվություն է սահմանված Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու՝ փողերի լվացման համար:

Ներկայացնելով սույն հաղորդումը ենթադրյալ հանցագործության մասին, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ, 178-րդ, 179-րդ, 181-185-րդ հոդվածներով, խնդրվում է՝ պարզել Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում ներկայացված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների («ատկատների» եւ այլն) կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացման հետ: Կից ներկայացվում է՝

http://zham.am/am/news/3850.html
http://1lur.am/am/?p=120975
http://www.1in.am/arm/press_parmenia_176802.html
http://www.a1plus.am/am/politics/2013/03/26/taron-margaryan»:

Հաղորդում ներկայացնող անձ՝

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Փոխնախագահ՝ Լեւոն Զուրաբյան Գործադիր քարտուղար՝ Սամվել Աբրահամյան

Տեսանյութեր

Լրահոս