Ինչո՞ւ և ե՞րբ է վառվել Հաղարծնի ընկուզենին. պարզաբանում է հայր սուրբը (լուսանկարներ)
Այս գիշեր համացանցում նկարներ տարածվեցին, որոնցում երևում է, որ Հաղարծին վանական համալիրի բակում գտնվող հայտնի ընկուզենին վառվել է (լուսանկարները՝ ստորև): Ընկուզենին Հաղարծնի յուրահատուկ սիմվոլներից մեկն է, որն ավելի քան 700 տարվա պատմություն ունի, և այս փաստը չէր կարող չանհանգստացնել բազմահազար հավատացյալներին, ովքեր առանց այդ ծառի պարզապես չեն պատկերացնում Հաղարծինը:
Այս կապակցությամբ 168.am-ը զրուցեց Հաղարծնի վանահայր հայր Արիստակեսի հետ:
– Հայր սուրբ, ինչո՞ւ և ե՞րբ է վառվել ընկուզենին:
– Դեպքը տեղի է ունեցել մոտ 3 շաբաթ առաջ: Ինչ-որ մարդիկ գիշերը ժամը 3-ի սահմաններում եկել են, մոմ են վառել ընկուզենու վրա և հեռացել: Առավոտյան 6-ի սահմաններում պահակները տեսել են` ինչպես է այրվում այն և անմիջապես մարել են կրակը:
– Ի՞նչ վիճակում է այժմ ընկուզենին: Հույս կա՞, որ այն կրկին կծաղկի:
– Բարեբախտաբար, այն ամբողջությամբ չի այրվել, և արդեն հստակ երևում են կանաչ շիվերը, ինչը նշանակում է, որ ընկուզենին կապրի:
– Դիտավորությունը բացառո՞ւմ եք:
– Այո, բացառում եմ: Անզգուշության և անփութության հետևանք է:
-Հայր սուրբ, ընկուզենին յուրօրինակ սիմվոլ է բազմաթիվ հավատացյալների համար: Ի՞նչ նշանակություն ունի այն եկեղեցու համար:
– Այո, ընկուզենին իսկապես ինչ-որ առումով սիմվոլիկ է, և եկեղեցին նույնպես շատ է կարևորում դրա գոյությունը. այն տնկել են վանականները` 700-750 տարի առաջ: Ամեն ինչ կանենք ընկուզենու գոյությունը պահպանելու համար:
Լուսանկարները` araksoblog-ի