«Սերժ Սարգսյանը լապատկով լցել ա էդ մականունավորներին Ազգային ժողով»
«Սերժ Սարգսյանը, գերեզմանոցի փոս լցելով, բահով, բահ չասեմ, լապատկով, լցել ա էդ մականունավորներին Ազգային ժողով, հիմա էլ այդ նույն լապատկով ուզում ա լցի, ավագանու ցուցակը համալրի իր այդ անմեղսունակ ավագանու թեկնածուներով»,- այսօր Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչության անդամ Արթուր Գասպարյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում ներկայացնում է «Բարև, Երևան» դաշինքը:
«Այսօրվա պաշտոնյաներն այնքան են գոռոզացել ու, երևի թե, հպարտացել, որ հասարակ քաղաքացիներին նույնիսկ բարև էլ չեն տալիս»,- ասաց Ա.Գասպարյանը: Ելնելով սրանից` «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ դաշինքն իր կարգախոսը դրել է «արթնացի´ր, երևանցի», քանի որ, իր խոսքով, «միայն քնած մարդուց կարելի է գրպանահատի պես գումար գողանալ, նրա տունը թալանել, քանդել, խլել հողամասը և այլն»:
«Այսօրվա գործող իշխանություններն իմիտացիոն, ձևական բնույթի գործողություններ են կատարում, դրանց մեջ բովանդակություն չկա, ձևական կներկեն, ձևական ծառը կտնկեն, վերելակը, իբրև թե, կնորոգեն, կթողնեն կգնան, իրենցից հետո էլ ծառը կչորանա»,- նշեց նա:
Հավելենք, որ Արթուր Գասպարյանը երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի որդին է: