Երվանդ Մանարյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ մոտ է նաև նրանով, որ մեր ճակակագրերն իրար նման են

«Ես որևէ կուսակցության կողքին չեմ կանգնում: Ես իմ ժողովրդի, իմ հայրենիքի կողքին եմ կանգնում: Ինձ բոլորն էլ հետաքրքիր են`ով ինչ է խոսում, ինչ է անում, բայց որևէ կուսակցության անդամ չեմ, որովհետև կուսակցության  մեջ գտնվողն ակամա ինքն իրեն խեղճացնում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ համախոհ, դերասան Երվանդ Մանարյանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական միջոցառումներին ևս Երվանդ Մանարյանը մասնակցություն ունեցել է:

Քանի որ, որոշ գնահատականներով՝ Հայ ազգային կոնգրեսը հաճախ խանդով  է վերաբերվում իր համակիրների ներկայությանը Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, պարոն Մանարյանից փորձեցինք պարզել, թե ինչպիսի՞ն է Կոնգրեսի արձագանքն իր պարագայում:

Ի պատասխան՝ Երվանդ Մանարյանն ասաց. «Մի՛ բաժանեք դասակարգերի` սա էս խմբի մեջ է, սա՝ էն խմբի մեջ: Իմ երկրում, իմ քաղաքում կատարվող ամեն ինչ ինձ համար հետաքրքիր է: էնտեղ էլ հայ մարդիկ են, էնտեղ էլ»:

Երվանդ Մանարյանը նաև ավելացրեց, թե իր համար առայժմ հստակ չէ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ծրագիրը և անելիքները: Երվանդ Մանարյանը, սակայն, պատրաստ է սպասել և իր օգնությունն առաջարկել. «Տեսնենք` ինչ են անում, եթե իմ օգնությունը պետք է, կգամ՝ կօգնեմ»:

Իր աջակցությունը Երվանդ Մանարյանը պատրաստ է առաջարկել նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, ով, դերասանի կարծիքով, ստացել է ժողովրդի բացարձակ քվեն: «Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ մոտ է նաև նրանով, որ մեր ճանակագրերն իրար նման են. երկուսս էլ հայրենադարձ մարդ ենք, եկել ենք, լծվել ենք գործի»,- նշեց նա:

Երվանդ Մանարյանի համոզմամբ, բոլորի գործը`անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից, պետք է լինի  հայ պետականության ստեղծումը. «Ինձ համար կարևոր է, որ պետություն ստեղծենք: Մենք դեռ պետություն չունենք»:

Տեսանյութեր

Լրահոս