
Աստղիկ Գևորգյանը՝ ԲՀԿ ավագանու մասին. «Թող ասեն մի դեպք, որ դեմ են քվեարկել»

«Մենք ԲՀԿ ավագանիի հետ համատեղ աշխատել ենք չորս տարի, շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, և չի եղել մի քննարկում, որ ԲՀԿ-ն դեմ քվեարկի: ԲՀԿ-ից միայն ակտիվ եղել է Պողոս Փլավչյանը, ամենանախանձախնդիր, սրտացավ վերաբերմունք ունեցողն ինքն է եղել: Մյուսները լուռ նստել և քվեարկել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը:
Նրան զարմացնում է ԲՀԿ-ի ներկայիս քննադատությունը Երևանի ավագանու աշխատանքների վերաբերյալ, քանի որ նրանք ևս ավագանիում ունեցել են իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն: «Չի կարելի հենց այնպես, տեղից վեր կենալ և չպատճառաբանված ելույթներ ունենալ: Թող ասեն մի դեպք, որ դեմ են քվեարկել»,- պնդեց Աստղիկ Գևորգյանը:
Նկատենք, որ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ին և հատկապես՝ քաղաքային բյուջեն վատնելու մասին ամենասուր քննադատությունները հնչեցնում է ԲՀԿ-ն, որը Երևանի ավագանու կազմում 2009թ. ընտրությունների արդյունքում ունեցել է 17 անդամ: