Անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել դիահերձողին
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 25-ին, Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են ահազանգել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 50-ամյա Մնացական Լեւոնյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ-քննչական խմբին Մ. Լեւոնյանը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 18:10-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 42 շենքի դիմաց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից, ով վրաերթից հետո դիմել է փախուստի:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու համար:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Մ. Լեւոնյանը աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարության ԴԲԳԳԿ-ում որպես դիահերձող: