Վերաքննիչ դիմելը չի էժանանա. Կառավարությունը մերժեց Էդմոն Մարուքյանի նախագիծը
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա կարծիքով իրավական ակտի ընդունման դեպքում նշված օրենսգրքերի դրույթները համահունչ կլինեն ՀՀ Սահմանադրությանը։
Նշենք, որ Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, առաջարկում էր վերաքննիչ բողոք բերելու համար գործով վեճի առարկայի արժեքի հիսնապատիկը դարձնել երեսունհինգապատիկ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված է 35 000 դրամ; ինչպես նաեւ սահմանել վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումներից բացառություն, այն է՝ առաջին ատյանի դատարանի՝ արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալը:
Կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ նշելով, որ փաթեթի ընդունումը ժամանակավրեպ է, և դրան կարելի է անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացնելիք նոր օրենքի քննարկման համատեքստում։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։