Ավետիս Խաչատրյան. «Արվեստագետը պետք է ոչ միայն մտքերով լինի թափառող, այլև ֆիզիկապես. պետք է տեսնի, զգա, վայելի, տա ու վերցնի»
Մարտի 22-ին Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոցում» բացվեց հայ գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը: Նկարիչը շատ ոգևորված էր ցուցահանդեսից:
Մեզ հետ զրույցում նկարիչը պատմեց այն մասին, թե ինչպես է առաջացել Մոսկվայում ցուցահանդես կազմակերպելու գաղափարը. «2009թ. արվեստանոց եկավ մի մարդ` հայրիկիս նկարներից գնելու: Նա թեև շտապում էր՝ հանդիպման էր, բայց եղբորս հետ եկավ նաև իմ նկարները տեսնելու: Այն ժամանակ ես չգիտեի, թե ով է Մոսկվայից եկած հյուրը, բայց նա ինձ շատ ոգևորեց իր գնահատականով: Ես նրան ասացի, որ պատրաստվում եմ անհատական ցուցահանդես անել Երևանում և չեմ կարող նկարներից վաճառել, բայց նա, այդ մեծահոգի ու բարեսիրտ մարդը, ով, հետո պարզվեց, «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի» ղեկավար Անդրեյ Վորոբյովն է, գնեց ու իր հետ Մոսկվա տարավ իմ նկարներից»:
Անդրեյ Վորոբյովի հարցին` Ավետիս, կցանկանա՞ս անհատական ցուցահանդես ունենալ Մոսկվայում, գեղանկարիչը, բնականաբար, դրական է արձագանքում, և այդպես 2010թ. կայանում է Ավետիս Խաչատրյանի առաջին ցուցահանդեսը:
«Դա մի հեքիաթային իրականություն էր: Թատրոնի աշխատակիցներն այնքան սիրալիր էին մեզ հետ և միմյանց հետ, որ ես մտածում էի՝ այդպես հնարավոր չէ, ախր դա չափազանց շատ է: Այդ ամենը նրանք վերցրել են իրենց տնօրենից: Հիմա, երբ ճանաչում եմ Անդրեյին, հասկանում եմ, որ Անդրեյ Միխայլովիչի ղեկավարած թատրոնն այլ կերպ պատկերացնել հնարավոր չէ»,- պատմում է նկարիչը: Մոսկովյան արվեստասեր հասարակությունը հենց առաջին ցուցահանդեսից սիրում և գնահատում է Ավետիս Խաչատրյանի արվեստը, այն հեքիաթը, որ ստեղծում է երիտասարդ գեղանկարիչը:
«Այս ցուցահանդեսը կազմակերպված էր ավելի հետաքրքիր ու անակնկալներով: Նախ՝ շատ ուրախացա, երբ ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Գևորգ և Գուրգեն Դաբաղյանները, իսկ հետո էկրանին ցուցադրվեց տեսաֆիլմ, որը նախապես նկարահանել էին Երևանում, և այստեղից մշակույթի և արվեստի գործիչները` Կարեն Աղամյանը, Լևոն Մալխասյանը և այլք, ողջունում և շնորհավորում էին ինձ` այս հրաշք ցուցահանդեսի առիթով: Բացման օրն ինձ ողջյունելու էին եկել նաև ռեժիսորներ Հակոբ Ղազանչյանը, Իվան Պոպովսկին, դերասան Կիրիլ Պիրոգովը և այլք:
Այստեղի հանդիսատեսը հիմնականում քո ընկերներն ու ծանոթներն են, ավելիին դու չես կարող հասնել, քանի որ ավելի մեծ ծանոթություն է հարկավոր: Թեկուզ լրատվամիջոցներին տեղեկացնելու համար՝ կրկին պետք է ծանոթներիդ ասես, իսկ Մոսկվայում լրիվ այլ է, մարդիկ չեն ճանաչում քեզ, բայց գալիս են տեսնելու քո գործերը, նրանք ուզում են ճանաչել նոր ստեղծագործողներին: Մոսկվայում ես տեսա հանդիսատես, ով իրականում եկել էր լցվելու, ապրելու արվեստով: Ամեն դեպքում, ցուցահանդեսը քեզ մի նոր բան է տալիս, այն ոգևորում է քեզ, որովհետև հենց այստեղ են հանդիպում հանդիսատեսն ու արվեստը: Երջանիկ է այն նկարիչը, ով հաճախակի է ներկայանում հանրությանն իր նոր գործերով, դա բերում է հաջողություն, բայց կրկին նշեմ, ամեն մի արվեստագետի համար կարևորն աշխատասիրությունն է»,- պատմում է Ավետիսը:
Ի դեպ, ցուցահանդեսում ներկայացված 100-ից ավելի նկարները տեղ են գտել նաև գիրք-կատալոգի մեջ, որ հատուկ տպագրվել է հյուրերի և հանդիսատեսի համար: Թատրոնի մեջ ապրող ցուցահանդեսը այցելուներին հնարավորություն է տալիս ներկայացման վերջում կամ ընդմիջումների ժամանակ տեղափոխվել Ավետիս Խաչատրյանի հեքիաթների մեջ ու զգալ այնտեղ ապրող մարդու հոգսերը, տեսնել նրա կենցաղը, հուզվել նրա տխրությամբ և սիրել կյանքը խաչատրյանական անկեղծությամբ: «Առաջին անգամ զգացի 2010 թվականին, երբ դիտեցի Իվան Պոպովսկու «Ալիսան հայելիների աշխարհում» ներկայացումը: Այս ներկայացման մեջ ապրում էին իմ հեքիաթները, և իմ հեքիաթներում էր ապրում այդ ներկայացումը»,- ասում է նկարիչը:
Մեկ շաբաթ լինելով Մոսկվայում և հատկապես՝ թատրոնում, Ավետիսը ներկա է գտնվել տարբեր ներկայացումների: Նրան գրավել են ներկայացման համար ընտրված դերասանների բեմական հագուստները, բեմի ձևավորումը, դերասանների խոսքը: «Այս բոլորը հանդիսատեսին հնարավորություն էին տալիս մասնակցել ներկայացմանը` խաղալ: Աջից, ձախից, մեկ էլ վերևից գալիս են դերասանները, լույսն ընկնում է բեմի հետևը, և ահա այստեղից է գալիս մեկ ուրիշ դերասան, և դու սկսում ես խաղալ նրանց հետ: Իհարկե, Հայաստանում էլ մենք ունենք շատ տաղանդավոր դերասաններ, ռեժիսորներ, բայց քանի որ Մոսկվան հարուստ երկիր է, ու պետությունը հովանավորում է ներկայացումները, նրանք կարողանում են իրականություն դարձնել այս բոլորը:
Իսկ մեզ մոտ, ցավոք, չկան նման պայմաններ, թատրոններում ճղճիմ վիճակ է, դերասանները չեն վարձատրվում, գրոշներ են ստանում, ու նույնիսկ շատերը խաղում են թատրոնում զուտ ծափերի համար»,- իր տպավորություններն է ներկայացնում Ավետիսը: Վերջինս, սակայն, լավատես է, հույս ունի, որ Հայաստանում նույնպես կգա մի ժամանակ, երբ արվեստի գործերն արժեքավոր կդառնան նաև ծանոթ-բարեկամ սահմաններից դուրս, կգնահատվի արվեստագետը: Իսկ ներկա պահին նա դեռևս վայելում է Մոսկվայի հանդիսատեսի պարգևած սերն ու ստեղծագործում է ոգևորությամբ: «Շատ երջանիկ եմ, որ ծանոթացել եմ նման մարդկանց հետ, նման մշակույթի հետ, դա միանգամայն այլ աշխարհ է:
2010թ. բախտ եմ ունեցել հանդիպելու նաև Պյոտր Ֆոմենկոյի հետ: Նա հրաշալի անձնավորություն էր: Ես նրան ասացի, թե որքան հիանալի թատրոն է ինքը ստեղծել, և որքան ներդաշնակ մթնոլորտ է տիրում այնտեղ: Հետո, իհարկե, իմ խորին շնորհակալությունը հայտնեցի ցուցահանդեսը կազմակերպելու համար, նա ինձ ասաց. «Շնորհակալություն հայտնիր Անդրեյ Միխայլովիչին. նրա նման մարդիկ իսկապես շատ հազվադեպ են լինում: Հաճելի է տեսնել, երբ մարդիկ գնահատում են, ընկալում են քո արվեստը, և դու հասկանում ես, որ իզուր չես ստեղծագործում: Արվեստագետի համար կարևոր է, թե ինչպես են դիմավորում իրեն այդ երկրում, ինչպես են ընկալում իր արվեստը:
Տեսել եմ և՛ Հայաստանի, և՛ Եվրոպայի, և՛ Մոսկվայի հանդիսատեսին: Ես կառանձնացնեմ Մոսկվայի հանդիսատեսին, քանի որ այստեղ շատ են սիրում իմ արվեստը, այսինքն` իմ արվեստի միջոցով էլ սիրում են ինձ: Ցանկացած մարդու համար էլ ցանկալի է ապրել այնպիսի միջավայրում, որտեղ իրեն սիրում ու հասկանում են: Կուզենամ գնալ, բայց ոչ հիմնական, և ոչ միայն Մոսկվա, այլ նաև եվրոպական երկրներ և այլն… Արվեստագետը պետք է ոչ միայն մտքերով լինի թափառող, այլև ֆիզիկապես, տեսնի, զգա, վայելի, տա ու վերցնի… Մի տեղ ապրելով՝ չես կարող ոգևորվել այնքան, ինչքան, երբ դուրս ես գալիս բակ, բակից՝ քաղաք, քաղաքից՝ բնության մեջ, այնտեղից՝ մեկ այլ քաղաք, և այսպես արվեստագետը պետք է միշտ փնտրտուքի մեջ լինի»,- ասում է Ավետիսը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի վերջ: Դեռ շատերը կհասցնեն ներկա գտնվել և ապրել խաչատրյանական հեքիաթների մաքուր ու պարզ աշխարհում: