Բաժիններ՝

Վարչապետին են ներկայացվել լսողական սարքերի իմպլանտացիայի կենտրոնի գործունեության արդյունքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բժշկական գիտությունների դոկտոր Ակիրա Իշիյամաին և Armenian International Medical Found-ի ղեկավար Սալբի Ագարակյանին: Վերջիններիս աջակցությամբ 2004 թվականից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ստեղծված Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում իրականացվում է լսողական սարքերի իմպլանտացիայի ծրագիրը:

Մասնագետները վարչապետին են ներկայացրել ծրագրի արդյունքները և շնորհակալություն հայտնել ծրագրի նկատմամբ հետևողական ուշադրություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ այս ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է Կոխլեար իմպլանտացիայի վեց տասնայակից ավելի վիրահատություն և ոչ մի բացասական արդյունք չի գրանցվել:
Տիգրան Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել ծրագրի հետագա ընթացքին և կարևորել նման բարդ վիրահատությունների իրականացման գործում հայ մասնագետների վերապատրաստումը:
***
Կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունը ողջ աշխարհում բժշկական թանկարժեք միջամտություն է համարվում իմպլանտի բարձր գնի պատճառով:
Մինչև 2008 թվականը մեր երկրում համապատասխան իմպլանտը ձեռք էր բերվում միայն բարեգործական միջոցների շնորհիվ, 2008 թ.-ից Կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ են կատարվել նաև պետական պատվերի շրջանակներում:
Կարևորելով այս ծրագիրը` 2008 թ.-ից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն սահմանել է որպես տարածաշրջանային բացառիկ ծրագիր, նկատի ունենալով, որ վիրահատությունները 100 տոկոսանոց արդյունք են ունենում:
Ծրագիրը նյութական օժանդակություն է ստանում ՀՀ կառավարության, Կալիֆոռնիայի հայ համայնքի և տարբեր բարեգործների կողմից:
Վիճակագրության համաձայն` աշխարհում յուրաքանչյուր 1000-րդ երեխան առանց լսողության է ծնվում և երկուսը կամ երեքը խլություն են ձեռք բերում կյանքի առաջին երկու տարիների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս