Պարույր Հայրիկյան. Արդեն կարողանում եմ չաշխատող մատներով գործել
ՀՀ նախագահի նախկին թեկնածու ԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով դեռ ամբողջությամբ չի ապաքինվել իր դեմ կատարված մահափորձից հետո, Բրյուսելում վիրահատության է ենթարկվել: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Հայրիկյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Այդպէս էլ ստացուեց, սիրելի բարեկամներս, ես մի քանի օր ի վիճակի չեղայ գրել, բայց տեղեկացնեմ, որ վիրահատուեցի եւ, հաւանաբար, բաւական յաջող, որովհետեւ արդէն կարողանում եմ չաշխատող մատներով գործել։ Բրիւսելի մասնաւոր հիւանդանոցներից մէկում եմ։ Շուտով դուրս կգրուեմ, որ շատ ծախսեր չլինի, բայց երկար եմ լինելու իրենց հսկողութեան տակ՝ մի քանի ամիս։ Ինձ համար կարեւոր է, որ զգամ՝վերականգնւում եմ։
Վաղն ազատուելու եմ կաշկանդող-սնուցող խողովակներից ու աւելի հանգամանալից կգրեմ։ Շնորհակալ եմ բազմաթիւ բարեմաղթանքների, նաեւ հրաւերների ու աջակցելու պատրաստակամութեան համար։ Կներեք, որ այցելելու առաջարկներին չընդառաջեցի։ Ես ամեն ինչով ապահովուած եմ եւ շրջապատուած ազգականներով ու սրտակից բարեկամներով։ Ամեն դէպքում վաղը բելգիացի բարեկամներիս համար կգրեմ հեռախօսահամարս։
Ամենայն բարիք՝ Պարոյր Հայրիկեան»