Թյորբորն Յագլանդ. Մենք մեծ հույսեր ենք կապում ԵԽ-ում Հայաստանի նախագահության հետ

Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցության 12 տարվա ընթացքում մայիսի 16-ին առաջին անգամ կստանձնի Նախարարների կոմիտեի նախագահությունը: «Մենք մեծ հույսեր ենք կապում այս նախագահության հետ: Այն համընկնում է ԵԽ-ում իրականացվող բարեփոխումների և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միանալու ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ենթադատյա դառնալու վերաբերյալ Եվրամիության հետ տարվող բանակցությունների հետ»,- ԵԽ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Երևան կատարած աշխատանքային այցի ավարտին այսօր ասել է ԵԽ-ի Գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը:

ԵԽ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ԵԽ-ում Հայաստանի կողմից ստանձնելիք նախագահության նախապատրաստման շրջանակներում Գլխավոր քարտուղարի կատարած երկօրյա այցի ընթացքում նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ինչպես նաև ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների հետ:

ԵԽ-ի Գլխավոր քարտուղարը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը ապրիլի 17-ին ստորագրել են Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման և դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիր: Գլխավոր  քարտուղարը այս փաստաթղթի ստորագրումը գնահատել է որպես ԵԽ-ի հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված նշանակալի ներդրում և երկրում ժողովրդավարական բարեփոխումների շարունակությանն աջակցելու վկայություն:

«Փատինֆո»

Տեսանյութեր

Լրահոս