Բաժիններ՝

ՌԴ զինված ուժերի ավիացիայի ծառայողի վարած «Toyota»-ի և Երևանի բնակչի «BMW»-ի վթարի գործը փոխանցվել է ՊՆ քննչական ծառայություն (տեսանյութ)

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից ապրիլի 14-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Toyota»-ի 25-ամյա վարորդ Ալեքսանդր Յակովլևը ծառայում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում: Այդ մասին հայտնել էր նաև Shamshyan.com-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 21:00-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացի թունելն ընկած ճանապարհահատվածում՝ Պետական համալսարանի և «Ժողինստիտուտի» հարևանությամբ՝ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Յակովլևը, վարելով «Toyota» մակնիշի՝ 34 ՍD 304 համարանիշի ավտոմեքենան, բախվել էր Երևան քաղաքի Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչ 33-ամյա Մանուկ Հովհաննիսյանի վարած «BMW» մակնիշի՝ 34 ՏՕ 247 համարանիշի ավտոմեքենային:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ վթարի հետևանքով ավտոմեքենաների վարորդներն ու «BMW»-ի ուղևորներ՝ 27-ամյա Խաչիկ Միքայելյանը, 53-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանը և 28-ամյա Մերի Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վարորդներին և ուղևորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել և օգնություն ցուցաբերել քաղաքացիներն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները, իսկ «BMW»-ի միջից վարորդին և ուղևորներին դուրս բերելու համար փրկարարները օգտագործել էին հատուկ տեխնիկա:

Վթարի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևանի շտապօգնության կայանի պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Տեղում էին նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի (կարմիրբերետներ) աշխատակիցները, ովքեր ՃՈ աշխատակիցների հետ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել էին, որպեսզի հրշեջներն ու շտապօգնության բրիգադները կարողանային ազատ աշխատել:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Toyota»-ի վարորդը ծառայում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում՝ որպես ավիացիոն կոմպլեքսի ինժեներ, կոչումով ավագ-լեյտենանտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս