Ռուսաստանի հայերի միությունը սատարում է Տարոն Մարգարյանին
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արամ Աբրահամյանը նամակ է հղել Տարոն Մարգարյանին, որում ասված է.
«Հարգելի Տարոն Մարգարյան
«Ռուսաստանի հայերի միության» և անձամբ իմ անունից ողջունում եմ Ձեզ` որպես Հայաստանի մայրաքաղաք Երևանի նվիրյալ առաջնորդի:
Ողջ հայության մայրաքաղաքի` Երևանի խնդիրները հետաքրքրում են ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներին, այլև նրա սահմաններից դուրս ապրող բոլոր հայերին:
Այդ պատճառով է, որ մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները կարևոր դեր են խաղալու ոչ միայն երևանցիների, այլև միլլիոնավոր հայերի հասարակա-քաղաքական կյանքում:
Մենք քաջատեղյակ ենք Երևանի քաղաքապետի պաշտոնում Ձեր ակտիվ և արդյունավետ գործունեության մասին: Նկատելիորեն բարելավվել է քաղաքի արտաքին տեսքը, կատարելագործվում են ենթակառուցվածքները, բարեկարգվում փողոցները,այգիներն ու այլ հասարակական վայրերը:
Մենք ընգծում ենք այն փաստը, որ Դուք` որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, մեծ ուշադրություն եք դարձնում Հանրապետական կուսակցության ուղենշած առաջնային խնդիրներին, մասնավորապես բնակչության բարեկեցության մակարդակի բարելավման ուղղությամբ:
Ձեր ղեկավարությամբ Երևանում ձևավորվում է առավել գրավիչ ներդրումային միջավայր: Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից շատերը նախաձեռնական գործունեությունը հենց Երևանում են ծավալում:
Համոզված եմ, որ Ձեր վերընտրվելը որպես Երևանի քաղաքապետ նոր շունչ կհաղորդի Երևանում ժամանակաից և կայուն բիզնես-միջավայրի ձևավորմանը:
Ռուսաստանի հայերի միությունը իր աջակցությունն է հայտնում Հանրապետական կուսակցությանը և անձամբ Ձեզ: Վստահ ենք, որ Դուք և Երևանի քաղաքապետարանի Ձեր կառավարչական թիմը կշարունակեք նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում:
Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Տարոն Անդրանիկի, և Ձեր թիմի բոլոր անդամներին նորանոր հաջողություններ Ձեր ազնվաբարո գործունեության մեջ և հաջողություն եմ մաղթում նախընտրական պայքարում: Հարգանքներով, Ա.Ա. Աբրահամյան»: