ՀԱԿ-ը կվերցնի՞ մանդատները, թե՞ նորից կհրաժարվի

Կան հանդիպումներ, պայմանավորվածություններ քաղաքական չորս ուժերի միջև: Մնում է միասնական շտաբ ձևավորել, որն իր առջև կոնկրետ խնդիրները կդնի՝ զուտ կազմակերպչական առումով: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանը:

Հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության հետ հանդիպումներ, պայմանավորվածություններ եղե՞լ են, թեկնածուն պատասխանեց. «Եղել են: Պայմանավորվածություն ևս եղել է, բայց քանի որ ինքս չեմ հանդիպել, չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություններ են դրանք»:

Ինչ վերաբերում է նրան, թե սահմանված շեմը հաղթահարելու դեպքում ՀԱԿ-ը կվերցնի՞ մանդատները, թե՞ նախորդ ավագանու ընտրությունների նման կհրաժարվի մանդատներից, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Անցած անգամվա քաղաքական իրավիճակն էականորեն տարբերվում է այս տարվա իրավիճակից: Նախկինում մենք ունեինք քաղբանտարկյալներ ու որևէ համագործակցության չէինք գնա իշխանության հետ: Հիշո՞ւմ եք՝ մինչև վերջին քայլը, երբ մենք նստեցինք երկխոսության իշխանության ներկայացուցիչների հետ, մինչ այն, երբ Տիգրան Առաքելյանը դարձավ քաղբանտարկյալ: Խախտումների ահռելի քանակությամբ էին տեղի ունեցել նախորդ ընտրությունները»:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ լավ հասկանում են իրենց նպատակը և հաղթելու հնարավորությունը տեսնում են քաղաքական ոչ իշխանական ուժերի հետ համագործակցելու արդյունքում: Թեկնածուն հավաստիացրեց նաև, որ, եթե քաղաքապետ չընտրվի, կաշխատի նաև ավագանիում, որովհետև մեծ «ամբիցիաներ» չունի ու «կարող է աշխատել այնտեղ, որտեղ օգտակար է»:

Հարցին, թե իշխանությունն այս ընտրություններում էլ ընտրախախտումների կդիմի՞, Վահագն Խաչատրյանը պատախանեց. «Համեմատելով մյուս ընտրությունների հետ, կարող եմ ասել, որ ոչ մի փոփոխություն չկա. հիմա ընտրախախտումները շատ ավելի կազմակերպված են իրականացվում: Ես տեղեկություններ ունեմ, թե ինչ ակտիվ մասնակցություն պետք է ունենան ուսուցիչները, առողջապահական հիմնարկների աշխատողները, և այլք: Մի խոսքով՝ քաղաքային ու պետական իշխանության օղակները մասսայականորեն զբաղված են իշխանության ներկայացուցիչների քարոզչությամբ, անձնագրային տվյալների հավաքագրմամբ, ցուցակագրմամբ»:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 13-ին ՀԱԿԿ համագումարում հայտարարել էր, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ժամանակ Ազատության հրապարակում կեսից ավելին ՀԱԿ համակիրներն են: Ուստի լրագրողներից մեկը Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀԱԿ-ը կորցրել է իր ընտրազանգվածին, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ Վահագն Խաչատրյանն ասաց. «Ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ընտրություններում՝ շնորհիվ նրա, որ ժողովրդի մեծ մասը դեմ է այս իշխանությանը: Ես չեմ էլ ուզում ասել, թե արդյո՞ք իմ ընկերը, որը գտնվում է Ազատության հրապարակում, իր ձայնը ինձ կտա, թե՞ չի տա: Նման խնդիր իմ առջև չեմ դնի: Մենք մարդկանց մեծ հնարավորություն ենք տվել՝ ներկայանալով ընտրություններին չորս ընդդիմադիր ուժերով, քվեարկել իրենց ցանկացած ուժի օգտին: Ամենակարևորն այն է, որ իշխանության ներկայացուցիչները չհաղթեն այս ընտրություններում»:

Վ. Խաչատրյանը շեշտեց, որ ընդդիմադիր ուժերն իսկապես ունեն հաղթելու ռեալ հնարավորություն՝ «դժոխային վերջին տասը տարիներից հետո»:

Տեսանյութեր

Լրահոս