Դաշնակցությունը Տարոն Մարգարյանին հրավիրեց բանավեճի` Արմեն Ռուստամյանի հետ

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ԳՄ) փոխներկայացուցիչ, ԱԺ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների և այդ ընտրություններում Դաշնակցության մասնակցության շուրջ` նշելով, որ կուսակցությունը Երևանում արդեն ձևավորել է նախընտրական շտաբները և նախատեսում է քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում անցկացնել 8-12 բակային հանդիպումներ, յուրաքանչյուր վարչական շրջանում նաև մեծ հանդիպում, իսկ քարոզարշավը հավանաբար կեզրափակվի համաքաղաքային միջոցառմամբ:

Դաշնակցության ներկայացուցիչը կարծում է, որ կուսակցության հիմնական առավելությունը` ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի համեմատությամբ, այն է, որ ՀՅԴ-ն «իսկապես մանակցում է թիմով»:

Ըստ Աղվան Վարդանյանի` Երևանի ընտրությունները նույնքան քաղաքական են, որքան լուծում են զուտ Երևանի կառավարման խնդիրը:

«Երկրում կա իրավիճակ, կա մթնոլորտ, նախագահական ընտրությունները նոր են ավարտվել, և ակնհայտ է, որ մեր բնակչության մի վիթխարի զանգվածը դեմ է գործող կառավարման համակարգին, դեմ է քաղաքական մենաշնորհին և իր այդ դիրքորոշումը հստակ արտահայտել է նախագահական ընտրությունների ժամանակ: Չտեսնել սա, ասել, որ հարցեր չկան, նշանակում է ուղղակի երկարաձգել առկա վիճակը, իսկ առկա վիճակի երկարաձգումը որևէ լավ բան չի խոստանում Հայաստանին, ՀՀ քաղաքացուն»,- ասաց նա:

Դաշնակցական պատգամավորը հույս հայտնեց, որ բնակչությունն այս ընտրությունները դիտելու է ոչ թե մրցակցություն ընտրացուցակների առաջին համարների` անձերի միջև, այլ՝ քաղաքական ուժերի մրցակցություն:

«Երևանցիները պետք է տեսնեն, որ ընտրություն այս անգամ էլ պիտի նշանակի անվստահության հանրաքվե գործող իշխանությանը` միակուսակցական համակարգին»,- նշեց Ա.Վարդանյանը` հիշեցնելով, որ իշխող Հանրապետական կուսակցությունը 4 տարվա մեջ 3 քաղաքապետ է փոխել, և ընդգծելով, որ, ըստ համապատասխան օրենքի, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են քաղաքական ուժեր` համամասնական ցուցակներով:

«Այլ հարց է, որ Երևանի ամբողջ տարածքում կտեսնենք հսկայական դեղին պաստառներ, որի վրա նկարված է հսկայական Տարոն Մարգարյան, և շատ փոքր «Հանրապետական» կուսակցություն: Բայց դուք գնալու և քվեարկելու եք կա´մ ՀՀԿ-ին, կա´մ Դաշնակցությանը»,- ընդգծեց Դաշնակցության ներկայացուցիչը:

Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որն այս ընտրություններին մասնակցում է կուսակցության հայաստանյան կառույցի առաջին դեմքով:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Արմեն Ռուստամյանը շատ ավելի սկզբունքային, շատ ավելի կոմպետենտ, շատ ավելի լավ կառավարիչ կլինի, քան թե ուրիշները, շատ ավելի ինքնուրույն կլինի: Գիտեք` Երևանը Հայաստանի որ մասն է: Երևանի քաղաքապետը պիտի լինի անհատականություն, որոշումները կայացնելու ունակ մարդ, և Երևանում իշխանափոխություն իրականացնելը, միակուսակցական այս համակարգից դուրս գալը կնշանակի Հայաստանում արմատական փոփոխությունների սկիզբ, հակակշիռ իշխող կոալիցիային»,- շարունակեց Ա.Վարդանյանը: Նա նաև ընգծեց ընտրությունների օրինականության խնդիրը և գոնե մեկ անգամ Երևանում օրինական, հնարավորինս նորմալ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Այս առումով` Ա.Վարդանյանը լրատվական դաշտի ուշադրությունը գրավեց այն փաստի վրա, որ, ըստ նրա, «իշխող կուսակցությունը նախագահական ընտրություններից դառը դասեր է քաղել, և այժմ կրկին ամբողջ վարչական, պետական ռեսուրսը դրված է մի կողմից այս ընտրությունները ապաքաղաքականացնելու, մյուս կողմից` հարկադրաբար, ստիպողաբար ձայներ ապահովելու գործին»:

«Բոլոր պետական հիմնարկներում, բոլոր կառույցներում, բոլոր կրթական հիմնարկներում` ցուցակներ, պարտադրանքներ: Նորից մեր ուսուցիչներին ստիպում են տուն առ տուն գնալ, քարոզել իրենց աշակերտների ծնողներին և ձայն ապահովել: Բոլոր պետական կամ նույնիսկ անկախ համարվող կառույցներն այսօր այդ գործի մեջ են»,- ասաց դաշնակցական պատգամավորը,-«Ցանկացած պետության համար աղետ է, երբ մի կուսակցություն ամբողջական իշխանություն, և այդ կուսակցության վարկանիշն այսքան ցածր է»:

Աղվան Վարդանյանը նաև կարծիք հայտնեց, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վերջին ընտրությունների ժամանակ մշտապես խուսափել է բանավեճերից:

«Այսօրվա գործող քաղաքապետի հրապարակային հանդիպումների ելույթները շատ նման են բոլոր մյուս ուժերի` մեկ անձի կողմից արվող, մի քանի բառ պարունակող ելույթներին: Խնդրեմ, առաջարկում եմ, թող այսօրվա գործող քաղաքապետը հրապարակային բանավեճ ունենա նույն Արմեն Ռուստամյանի` մեր թեկնածուի հետ, թող ելույթ ունենան հեռուստատեսությամբ` բոլոր հարցերի վերաբերյալ, և մենք հնարավորություն ունենանք այդ հարցերը քննարկելու: Մենք ընտրում ենք ավագանի, որը օրենքով նախատեսված հսկայական լիազորություններ ունի: Այս միակուսակցական համակարգի պայմաններում մենք, փաստորեն, 4 տարի ավագանի չենք ունեցել»,- ավելացրեց Աղվան Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս