Ռուբեն Հակոբյանը կասկածում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավորության դեպքում չի կրկնի 96 թվականը

«Ես տեսնում եմ 96 թվականի կրկնությունը: Կեղծված ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանն իրեն պարտադրեց՝ որպես նախագահ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նա անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ձևավորված ՀԱԿ կուսակցությանը՝ ասելով, թե նրա այդ թիմում այն մարդիկ են, ովքեր 96 թվականին դաժանորեն հարվածել են  պետականության ողնաշարին:

«Լսելով Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ես հույս չունեմ, որ եթե նա հնարավորություն ունենա, արդյոք հիմա չի՞ շարունակի անել նույնը: Նրա կողքին է դեռ «գլխավոր ճարտարապետը»՝ Գագիկ Ջհանգիրյանը: Եթե հանկարծ նա վերադառնա իշխանության, արդյո՞ք չի շարունակի իր արածները, մանավանդ, երբ որևէ ներողություն չի խնդրել ժողովրդից»,- նշեց պատգամավորը:

Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ նաև քաղաքական այն ուժերին, ովքեր  կողմ են իշխանափոխությանը, պայքարում եմ ռեժիմի դեմ, բայց դրա հետ մեկտեղ՝ համառորեն պայքարում են իրենց շարժման դեմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկելու համար: «Երեսպաշտական հայտարություններ անել, թե պայքարում ես ռեժիմի դեմ, բայց գործնականում պայքարել ժողովրդական շարժման դեմ, մեղմ ասած, քաղաքական գործընթաց համարվել չի կարող: Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կարող էր լինել այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից որևէ մեկը: Ինչո՞ւ այդ ուժերը չառաջադրեցին իրենց թեկնածուին, տեր չկանգնեցին իրենց համակիրներին»,- մասնավորեցրեց նա:

Ինչ վերաբերում է Երևանի այլևս նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ինքը որևէ կապ տեսնում է այդ պաշտոնանկության և ապրիլի 9-ի միջև, ինչին ի պատասխան՝ Ռուբեն Հակոբյանը նշեց. «Եկեք մեր կարգախոսով առաջնորդվեմ և ասեմ՝ հնարավոր է: Բայց կատեգորիկ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև այդ խոհանոցին չեմ տիրապետում»:

Տեսանյութեր

Լրահոս