
Հստակեցվել են 33-րդ թաղամասի իրացման գոտու բնակիչներին փոխհատուցման պայմանները

Այսօր` ապրիլի 15-ին, Երևանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել 33-րդ թաղամասի (Տիգրան Մեծ, Խանջյան, Հանրապետություն եւ Ֆիրդուս փողոցների հատման հատվածում) իրացման գոտու բնակիչների ներկայացուցիչների և տարածքը կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը ներկա են եղել նաև քաղաքապետարանի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ ներկայացուցիչները: Քննարկվել են փոխհատուցման հնարավոր տարբերակները, արդյունքում` փոխհամաձայնությամբ ընտրվել է բնակարանային փոխհատուցման տարբերակը: Որպես փոխհատուցում առաջարկվող բնակարանները «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը ձեռք է բերում մեր ընկերության կողմից կառուցվող Երևանյան Բերդ թաղամասի նորակառույցներից (Արգիշտի փողոց): Արդեն հստակեցված պայմանների համաձայն, սահմանվել է ժամանակացույց, ըստ որի, հավելյալ մինչև 15% բնակմակերեսը տրամադրվում է փոխհատուցման այս պայմանին առավել շուտ արձագանքող բնակիչներին:
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն