Գետամեջի սառեցված հավերում դարձյալ սալմոնելա՞ է հայտնաբերվել…
Վերջերս զարմանալի զուգադիպությամբ պարզվեց, որ Հայաստանում հավի մսի իրացմամբ զբաղվող երկու մրցակից ընկերությունների որոշ արտադրատեսակներ վտանգավոր են մարդու առողջության համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետում իրացվող, դարձյալ նույն օլիգարխին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից Հայաստան ներկրված սառեցված հավ «Սադիա» և սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX) սննդատեսակներում տեստոստերոն հորմոնի չափազանց բարձր (վտանգավոր) պարունակության հայտնաբերումից կարճ ժամանակ առաջ կատարել էր մեկ այլ բացահայտում. «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի (շուկայում առավել հայտնի որպես «Գետամեջի թռչնաֆաբրիկա») արտադրական պահեստներից նմուշառված ‹‹սառեցված հավ›› արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին ‹‹սալմոնելա›› անվամբ հայտնի մանրէներ, որոնք աղիքային ինֆեկցիայի հարուցիչ են ու լուրջ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար:
Ըստ մասնագետների, այն առաջացնում է օրգանիզմի ընդհանուր թունավորում, սրտխառնոց, թուլություն, բարձր ջերմություն: Եթե դրանով վարակված երեխան ժամանակին բուժօգնություն չստանա, կարող է նույնիսկ ջրազրկվել ու մահանալ:
Aravot.am-ում արդեն հրապարակված ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանի պարզաբանման համաձայն` «Սալմոնելան ախտածին մանրէ է, որն առաջացնում է աղիքային վարակիչ հիվանդություն և սննդային թունավորում` սալմոնելիոզ: Սննդային թունավորումն այն է, որն աճում է, բազմանում է սննդի մեջ, և սննդային թունավորման ժամանակ մարդը մարդուց չի վարակվում, իսկ աղիքային հիվանդության ժամանակ մարդը կարող է արտաքին միջավայրից վերցնել այդ մանրէն և վարակվել այդ հիվանդությամբ, այդ դեպքում մարդը կարող է դառնալ վարակի աղբյուր»:
Ծառայությունը հիշյալ ընկերությունում դիտարկման արդյունքների հիման վրա իրականացրած ստուգման ընթացքում պարզել էր, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասն ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով:
Ավելին. պարզվել էր նաև, որ մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները պարբերական բժշկական զննություն չեն անցել: Այս պայմաններում ընկերության արտադրական պահեստներից նմուշառված «սառեցված հավ» արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում ‹‹սալմոնելա›› մանրէների հայտնաբերումը, կարծում ենք, զարմանալի, անհավատալի չպետք է համարել ու կասկածի տակ դնել, ինչպես օրեր առաջ վարվեց «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Սարգսյանը: Ըստ վերոնշյալ տեսչության մասնագետի, մանրէն սնունդ և մարդու օրգանիզմ կարող է թափանցել ոչ պատշաճ սանիտարական պայմանների դեպքում:
Նկատի ունենալով առկա փաստերը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ինչպես արդեն հայտնի է, արգելել է ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը, ընկերությունից պահանջել է արտադրանքը դուրս հանել շրջանառությունից, տեղեկացնել սպառողներին այդ մասին և սպառողներից հետ վերցնել արտադրանքը: Բնականաբար, հետաքրքիր է, թե ծառայությունը հետամուտ եղե՞լ է իր իսկ պահանջների կատարմանը, ընկերության հիշյալ արտադրանքն այլևս անվտա՞նգ է, լաբորատոր փորձաքննությամբ «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի «սառեցված հավ» արտադրանքի այլ խմբաքանակների նմուշներում «սալմոնելա» մանրէներ հայտնաբերվե՞լ են, թե ոչ:
«Քանի որ գործունեությունը կասեցվել է, մենք այլևս չենք շարունակել այդ թեմայով զբաղվել, և հետո ինքնուրույն իրենք իրենց նմուշները բերել են լաբորատորիա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի, թե ինչ է պարզվել ընկերության կողմից լաբորատորիա բերված նմուշների փորձաքննության արդյունքում: Որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ասաց. «Ունենք լաբորատոր փորձաքննության արդյունքները, բայց դա հրապարակման ենթակա չէ, քանի որ սեփական նախաձեռնությամբ է արվել տնտեսվարողի: Երբ որ գործունեությունը կվերականգնվի և մենք կունենանք այդ թեմայով ասելու բան, անպայման կհրապարակենք»: Հետաքրքիր է`սա կարդալուց հետո ի՞նչ կարող է մտածել ընթերցողը, եթե ոչ ենթադրել, որ «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի «սառեցված հավ» արտադրանքի այլ խմբաքանակների նմուշներում ևս հայտնաբերվել են ‹‹սալմոնելա›› մանրէներ, այլապես ծառայությունն ինչո՞ւ է հրաժարվում է հրապարակել լաբորատոր փորձաքննության արդյունքները, նախընտրում դրանք թաքցնել:
Ավելին. ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղեկացմամբ, «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերությունում ‹‹նաև երկրորդ գերատեսչությունն է հիմա ստուգում իրականացնում, դրա համար նյութերը դեռևս հրապարակման ենթակա չեն››: Որևէ բացատրություն չեղավ և անհասկանալի մնաց, թե ի՞նչ կապ ունի երկրորդ գերատեսչության ստուգումը նյութերի հրապարակման օրենսդրական պահանջի հետ: Իսկ ընկերությունում ստուգում իրականացնող ո՞ր երկրորդ գերատեսչության մասին է խոսքը:
«Դա նույնպես չեմ կարող ասել, որովհետև ինձ ընդամենն ասել են, որ համաձայն օրենսդրության, եթե… Այդպիսի պատասխան եմ ես ստացել»,- ասաց հիշյալ բաժնի ղեկավարը` ծառայությունում իր վերադասի հետ չիմանալով կամ անտեսելով, որ ընկերությունում ստուգում իրականացնող երկրորդ պետական մարմնի անվան հրապարակումից հրաժարվելը ոչ թե «համաձայն օրենսդրության» է, այլ` հակառակ օրենսդրության:
Որոշ տեղեկություններից ելնելով, կարելի է ենթադրել, որ «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերությունում ստուգումներ են կատարում կամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, կամ էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը: Վերջինս դեռ ավելի վաղ` 2011 թ. նոյեմբերին, «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ընկերությանը վարչական պատասխանատվության է ենթարկել այն նույն խախտման համար, որը մոտ 2 ամիս առաջ հայտնաբերել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ստեղծված և դիտարկում իրականացնող աշխատանքային խումբը: Վերջինս այցելելով «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ վերանվանված «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա», կազմել է արձանագրություն, որում, ի թիվս հայտնաբերված այլ խախտումների, նշված է նաև. «Պատրաստի արտադրանքի՝ սառեցված հավի փաթեթավորման վրա մակնշված չէ արտադրող ընկերության անվանումը, խմբաքանակի նույնականացման նշանը, փաթեթավորման վրա առկա չէ պիտանիության ժամկետը»: Ընկերությունը հանձնաժողովի տուգանքից, ցավոք, համապատասխան հետևություններ չի կատարել:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի 2011թ. հուլիսի 26-ի «Հսկիչ գնում իրականացնելու մասին» թիվ 106-Ա հրամանի հիման վրա 2011թ. հուլիսի 26-ին անհատ ձեռնարկատեր Աիդա Առաքելյանի մոտ (ք. Հրազդան, Միկրոշրջան Գ-1) իրականացվել է հսկիչ գնում: Գնվել է «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից արտադրվող և իրացվող «Գետամեջ» անվանումով բրոյլերի սառեցված ոտք, որի փաթեթավորման վրա բացակայել է ապրանքի արտադրության ժամկետի վերաբերյալ նշումը (մակնշումը): Հանձնաժողովն իր 09.11.2011թ. թիվ 514-Ա որոշմամբ հիշյալ խախտումը որակել է որպես հասարակության մոլորեցում` անբարեխիղճ մրցակցության գործողություն, ինչի համար ընկերության նկատմամբ նշանակել է 1մլն դրամի վարչական տուգանք:
Ծառայության կազմած հիշյալ արձանագրությունից պարզ է դառնում, որ ընկերությունն արհամարհել է հանձնաժողովի որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը` «դադարեցնել և հետագայում բացառել Օրենքի խախտմամբ թռչնամսի արտադրությունը և իրացումը…»: Սա բավական լուրջ հիմք է, որպեսզի ՏՄՊՊ հանձնաժողովը, եթե, իհարկե, նա չէ ընկերությունում ստուգում սկսած պետական մարմինը, ստուգում իրականացնի «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ում:
Արթուր Հովհաննիսյան