Ապրիլի 9-ի դեպքերը սադրեցին հատուկ սադրիչները, որոնք ժողովրդի միջից չէին

«Ապրիլի 9-ի խաղաղ պայքարն ու երթը վերածվեց ընդհարման և բռնության, և դրա մեջ իրենց ուրույն ձեռագիրը թողեցին հատուկ սադրիչները, որոնք իմ խորին համոզմամբ ժողովրդի միջից չէին»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին և երթին, որն ավարտվեց Բաղրամյան պողոտայում բախումներով:

«Չեմ մասնակցել, իմ աչքով ոչինչ չեմ տեսել, բայց հեռվից, որպես չեզոք մարդ, իմ կարծիքն այսպիսին է, որ ընդհանուր առմամբ ամեն ինչ խաղաղ էր նախատեսված, ինչ-որ մարդիկ եղան, որ սադրեցին: Ոստիկանները տրամադրված չեն եղել ոչնչի: Եվ ասում եմ՝ այդ սադրիչներին չպետք է փնտրել այդ օրվա ժողովրդի մեջ… իսկ և նպատակը մեկն էր՝ ի սկզբանե որոշված խախաղ պայքարը գոնե առերևույթ փչացնել»:

Անդրադառնալով ապրիլի 9-ին երդմնակալության արարողություններին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում և Ազատության հրապարակում՝ Լուսինե Բադալյանն ասել է. «Ես մի անգամ գրել էի, որ դե ֆակտո մեկ մլն ու կես, բայց ժողովրդի համար հաստատ մի քիչ շատ է երկու նախագահ կամ երկու կաթողիկոսը: Մի տեսակ ցավալի է, և իսկապես ցավալի է, որ քիչ ենք մնացել այստեղ և միաբանված չենք»:

Խոսելով երդմնակալության արարողության ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականներին ու խոստումներին՝ Լ. Բադալյանն ասել է, որ ինքը անգամ չի լսել այդ խոստումները և համոզված է, որ շատերն են դիտել, բայց չեն լսել ու ընկալել՝ ինչ է ասել Սերժ Սարգսյանը:

«Վատն այն է, որ մենք տարիներ շարունակ էնքան շատ ենք խոստումներ լսել, և որոնք չեն իրականացրել, որ արդեն անգամ ուշադրություն չենք դարձնում, թե ինչ են խոստանում, որովհետև արդեն մենք գիտենք, որ այդ ամենը ընդամենը տպավորություն ստեղծելու պես մի բան է: Ժողովուրդը դարձել է շատ թերահավատ, ու իրենք են արել այնպես, որ դառնա խիստ թերահավատ, որովհետև դեռևս խոստացված ոչինչ չի իրականացվել: Դրա համար բացարձակ չեմ զարմանում, որ ո՛չ ես, ո՛չ էլ շատ այլ մարդիկ անգամ ուշադրություն չենք դարձնում, թե ինչ են մեզ խոստանում: Ասեմ միայն, որ դրանից մի քանի օր առաջ ես լսեցի միայն ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահի խոսքը, որ ասում էր՝ ժողովրդի մեծ մասն ընդունում է իրեն, և միայն փոքր մասն է, որ իր հետ չէ: Եվ այդ օրը մենք տեսանք, թե որքան մարդ է գոհ այս իշխանությունից և որքանը՝ դժգոհ: Այնպես որ խոսքերն ու փաստերը կրկին իրար չեն համապատասխանում»:

Տեսանյութեր

Լրահոս